Այսօր այս իշխանությունը փորձում է մեղավորության սլաքն ուղղել դեպի Ռուսաստան, միջազգային հանրություն, նախկին իշխանություններ. բայց ամեն բան շատ պարզ է, ով իշխանություն է, նա էլ պատասխանատու է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Մատենադարանից դեպի Կառավարության շենք երթի ընթացքում հայտարարեց երթի մասնակիցներից մեկը:
«Մենք մեղավորության սլաքը վերադարձնում ենք այս իշխանությանը՝ ասելով, որ դուք եք մեղավոր և պատասխանատու այս իրավիճակի համար։ Արցախահայության իրավունքները պաշտպանելուց հետ կանգնած իշխանությունը ձեր իրավունքը չի պաշտպանելու ոչ Սյունիքում, ոչ Գեղարքունիքում, ոչ Երևանում։ Այն իշխանությունը, որ վաճառում է հայրենիքի ինչ-որ հատված, պատրաստ է վաճառել ողջ հայրենիքը։ Այն իշխանությունը, որ իր ժողովրդին մենակ է թողնում թշնամու դեմ, դա կանի նաև Շիրակում։ Այդ պատճառով ասում ենք՝ այս իշխանությունն է պատասխանատու, մեղավոր, Նիկոլն է մեղավոր, իր սխալ ու ապազգային քաղաքականությունն է մեղավոր, Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը։ Նիկոլ, հեռացիր»,-բարձրախոսով հայտարարեց նա:
Երթի մասնակիցները նշեցին՝ իշխանությունը փորձում է Արցախը մոռացության մատնել, խոստացան՝ թույլ չեն տալու, հիշեցրին՝ Արցախն ու արցախահայությունը միայնակ չեն. «Թույլ չենք տալու արցախյան հիմնախնդրից ձեռքերը լվանալ, թույլ չենք տալու, որպեսզի սլանքները սխ տեղ ուղղվեն։ Մենք շարունակելու ենք պայքարել հանուն ազատ, անկախ Արցախի»,-նշեցին նրանք։
Նշենք, որ ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Ցույց տանք աշխարհին, որ հայը ապրելու իրավունք ունի», «Առանց Արցախ չկա խաղաղություն», «Ես հայրենիք եմ ուզում, դրա համար էլ դիմադրում եմ», «Բացեք Արցախի ճնապարհը», «Մեկ մարդ չի կարող որոել բոլորի ճակատագիրը», «Արցախի կողքին ենք», «Արցախը բեռ չէ, զրահաբաճկոն է»։ Նրանք երթի ընթացքում վանկարկում են՝ «Արցախ, Արցախ», «Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը, Նիկոլ, դավաճան»:




























