Կա կարգավորման բրյուսելյան տարբերակը, ըստ որի՝ Հայաստանը լվանում է ձեռքերը Արցախից, եւ Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Թող իշխանությունները հերքեն, եւ ես այդ ժամանակ կհրապարակեմ փաստաթուղթը»,- հավելեց նա։
Աշոտյանը վստահություն հայտնեց, որ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի շուրջ համատեղ աշխարհաքաղաքական խաղ են խաղում՝ Ռուսաստանին հարված հասցնելու համար, եւ այս ամենը Հայաստանի շահերի հաշվին։
Նրա կարծիքով ռուս խաղաղապահները Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության առաքելությունն իրականացնում են, իսկ գործառույթներից մեկը՝ (Լաչինի միջանցքի երկայնքով անխափան հաղորդակցության ապահովում) ոչ։
ՀՀԿ փոխնախագահը կոչ արեց սա հստակ տարբերակել։
«Ինչու՞ Հայաստանը չի բարձրացնում խաղաղապահների մանդատի հստակեցման մասին հարցը։ Ինչու՞ որպես նախապայման չի դրվում գերիների վերադարձի պահանջը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը հաստատեց, որ Արցախի կարգավիճակը սերունդներին թողնելու հարցն առաջարկել է Ռուսաստանը, այլ ոչ թե Հայաստանը, ինչպես պետք է լիներ»,- ընդգծեց Աշոտյանը։
Նա հիշեցրեց այսպես կոչված «անկլավների» խնդրի բացակայության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հավաստիացումների մասին։
«Երեկ պարզվեց, որ նման հարց կա։ Բացի այդ, իշխանությունները հարցազրույց են տալիս, որտեղ հայտնվում է քարտեզ, որի վրա այս, այսպես կոչված, «անկլավները» գտնվում են Հայաստանի տարածքից դուրս։ Էդմոն Մարուքյանն ավելի վաղ ասել էր, որ Բերձորը հանձնել են, որպեսզի չհանձնեն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Այսինքն՝ իշխանություններն ամեն ինչ հանձնում են՝ արդարանալով դրանով, թեեւ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Սյունիքի տարածքով միջանցքի մասին խոսք չկա»,- եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը։





























