Իսրայելը կարող է գրոհել իրանական միջուկային օբյեկտները 2-3 տարի հետո, հայտարարել է պաշտպանության նախարար Բենի Հանցը։

«2-3 տարի հետո դուք, հնարավոր է, մեկնեք ճանապարհորդության դեպի արեւելք եւ մասնակցեք Իրանում միջուկային օբյեկտների վրա հարձակմանը»,- ասել է պաշտպանության նախարար Բենի Հանցը՝ ելույթ ունենալով ռազմաօդային ուժերի շրջանավարտների առաջ, հաղորդում է Reuters-ը:

Ավելի քան մեկ տասնամյակ Իսրայելը քողարկված սպառնում էր գրոհել Իրանի միջուկային օբյեկտները, եթե Թեհրանի հետ համաշխարհային տերությունների դիվանագիտությունը փակուղային համարի: Սակայն որոշ փորձագետներ կասկածում են, որ Իսրայելն ունի ռազմական հնարավորություններ, որպեսզի կայուն վնաս հասցնի իրանական թիրախներին, որոնք հեռու են, ցրված եւ լավ պաշտպանված:

Իսրայելի ռազմական հետախուզության 2023 թվականի կանխատեսման համաձայն՝ Իրանը «կշարունակի դանդաղ առաջընթացի իր ներկայիս ուղին» միջուկային ոլորտում։

«Իրանը կփոխի իր քաղաքականությունը միայն այն դեպքում, եթե նրա դեմ ծայրահեղ պատժամիջոցներ կիրառվեն, այլապես նա կարող է որոշել արագացնել հարստացումը մինչեւ ռազմական մակարդակ»,- ասվում է զեկույցում, որը հաստատել է ռազմական ներկայացուցիչը՝ վկայակոչելով հետախուզության իրական գնահատականները:

Ըստ երկիմաստության քաղաքականության՝ ուղղված շրջապատող թշնամիներին զսպելուն եւ սադրանքներից խուսափելուն, որոնք կարող էին սպառազինությունների մրցավազք առաջացնել, Իսրայելը ոչ հաստատում է, ոչ էլ հերքում, որ ունի միջուկային զենք:

Ի տարբերություն Իրանի, Իսրայելը չի ստորագրել 1970 թվականի միջուկային զենքի չտարածման կամավոր պայմանագիրը, որն առաջարկում է խաղաղ միջուկային տեխնոլոգիաների հասանելիություն՝ միջուկային զենքից հրաժարվելու դիմաց: