Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում քննարկվելու է Հայաստանի հարցը: Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ակսել Ֆիշերը նստաշրջանում ներկայացնելու են զեկույցը Հայաստանի ժողովրդավարական իստիտուտների մասին, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը: Եվրոպական խորհրդարանականները կանցկացնեն քննարկումներ, իսկ փաստաթղթի վերաբերյալ քվեարկություն կկազմակերպվի հոկտեմբերի 7-ի նիստում:
Օրակարգային այլ հարցերի շարքում քննարկվելու են Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ հարցեր` կապված արաբական աշխարհում ի հայտ եկած դեմոկրատական վարչակարգերի հետ:
Իր հերթին, հանձնաժողովը կներկայացնի բանաձեւ` Դորիս Սթամփի` երեխայի սեռի որոշման վերաբերյալ զեկույցի հիման վրա: Զեկույցում շեշտվում է մինչեւ երեխայի ծնունդը սեռը որոշելու վտանգը, մասնավորապես Ալբանիայում, Հայաստանում եւ Ադրբեջանում: Զեկույցում նշվում է, որ Հայաստանում տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը կազմում է 112-ը 100-ի դիմաց:
Բանաձեւի նախագծում կոչ է արվում ուսումնասիրել այդ երեւույթի պատճառները, իսկ ԵԽ-ի բոլոր անդամներին առաջարկ է արվում արգելել բժիշներին նախօրոք երեխայի սեռը հայտնել: ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Ստարսբուրգում հոկտեմբերի 3-ից 7-ը:



























