Եգիպտոսում քաղաքական անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով հայկական տուրիստական գործակալությունները իրենց այցելուներին խորհուրդ են տալիս հանգիստն անցկացնել այլ առողջարաններում, մասնավորապես Դուբայում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին փաստեցին երեւանյան մի շարք տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացրեց «LH Travel»-ի մենեջերը, իրենք բավական թվով հաճախորդներ են ունենում, ովքեր ցանկություն են հայտնում աշնան ամիսներին հանգստանալ աֆրիկյան այդ երկրում։ «Սակայն մարդկանց այդ մտքից հետ է պահում ոչ այնքան Եգիպտոսում առկա քաղաքական վիճակը, որքան Մոսկվայով եգիպտական հանգստավայրեր հասնելու ճանապարհածախսն ու ժամանակը (Երեւան-Կահիրե ուղիղ չվերթերը չեն գործում դեռ անցած տարվանից)»,- նկատեց գործակալության աշխատակիցը։

«Ինգո Թրեվլ» տուրիստական գործակալության ներկայացուցիչը եւս նշեց, որ իրենց Եգիպտոսում արձակուրդներ անցկացնելու հարցով հետաքրքված շատ մարդիկ են դիմում։ «Կոնկրետ ես նման մարդկանց չեմ սպասարկել, բայց նրանք շատ-շատ են»,- հավաստեց նա։

Իսկ ահա «Իզի տուր» տուրիստական գործակալությունը իր պարտքն է համարում սեփական հաճախորդներին  անվտանգության նկատառումներից ելնելով՝ խորհուրդ տալ չմեկնել Եգիպոս։ «Որպես այլընտրանք՝ մարդկանց առաջարկում ենք հանգիստն անցկացնել Դուբայում։ Բացի այդ, մարդիկ ինքներդ գիտեն՝ Եգիպտոսում ինչ է կատարվում եւ խոսափում են այդ ուղղությունից»,- ասաց գործակալության աշխատակիցը։

«ԷմԳա կոնտինենտալ» գործակալությունից էլ հայտնեցին, որ Եգիպտոս մեկնելու ցանկություն հայտնած իրենց հաճախորդներին նախ խորհուրդ են տալիս միացնել հեռուստացուցները, տեղեկանալ՝ ինչ վիճակ է այնտեղ։ Գործակալությունում զերծ են մնում հաճախորդներին Եգիպտոս ուղարկել, եւ, աշխատակցի խոսքով, չեն ուղարկի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրում է քաղաքական վիճակը չի կարգավորվել։ «Փոխարենն առաջարկում ենք մատչելի մեկ այլ տարբերակ՝ Դուբայը»,- ասաց գործակալության ներկայացուցիչը։

Նշենք, որ Ռուսաստանը, անվտանգության նկատառումներից եւ Եգիպտոսում առկա քաղաքական իրավիճակից ելնելով, իր քաղաքացիներին հորդորել է արձակուրդներ անցկացնելու համար չմեկնել այդ երկիր, քանի որ այնտեղ ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ: