Թուրք-իսրայելական հակամարտությունը հեռուն գնալու եւ էլ ավելի խորանալու միտումներ ունի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով, երկու երկրների միջեւ տարաձայնությունները վկայում են աշխարհաքաղաքական նշանակության լուրջ գործընթացների մասին։ «Հակամարտությունը, եթե իհարկե, շարունակվի, կարող է փոխել Մերձավոր եւ Միջին Արեւելքի աշխարհաքաղաքական պատկերը։ Վերջին 10 տարիներին Մերձավոր Արեւելքում ձեւավորված աշխաքաղաքական պատկերը խարսխված էր թուրք-իսրայելական ռազմավարական դաշնակցության վրա։ Երկու երկրների հակամարտության ֆոնին տարածաշրջանում շարունակվում է նաեւ արաբական երկրների ապստամբությունը, որը  եւս վերաձեւում է Մերձավոր Արեւելքը»,- նկատեց թուրքագետը։

Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերությունների՝ Հարավային Կովկասի եւ մասնավորապես Հայաստանի վրա թողած հնարավոր ազդեցությանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը չբացառեց, որ ԱՄՆ-ի հրեական լոբբիստական կազմակերպությունների մի մասն կսկսի ներգարավվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում։ «Այսինքն, արդեն իսկ որոշ շահերի համընկնում է նկատվում։ Կարելի է ակնկալել, որ հայկական եւ հրեական լոբբիստական կազմակերպությունների համատեղ գործունեությունն ավելի կակտիվանա»,- հույս հայտնեց թուրքագետը։

Նշենք, որ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հանձնարարել է միջազգային ասպարեզում Թուրքիային հակազդելու միջոցներ մշակել, դրանց թվում՝ հայերին եւ քրդերին սատարելու միջոցով: Այսպես կոչված «Լիբերմանի պլանի» մեջ, որն իր առջեւ նպատակ է դրել «պատժել Թուրքիային», մասնավորապես մտնում է «հայերի հետ համագործակցությունը»։