Չինական կործանիչն ամերիկյան ինքնաթիռից 20 ֆուտ հեռավորությամբ «ոչ անվտանգ» թռիչք է կատարել դեկտեմբերի 21-ին Հարավչինական ծովում։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը։

Աղբյուրի համաձայն՝ Չինաստանի J-11 կործանիչի օդաչուն «կատարել է ոչ անվտանգ թռիչք՝ քթամասով ԱՄՆ ՌՕՈւ RC-135 ինքնաթիռից առաջ անցնելով 20 ֆուտի սահմաններում, ինչն ստիպել է ամերիկյան ինքնաթիռին «շեղիչ մանեւրներ կիրառել՝ բախումից խուսափելու համար»։

Հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ինքնաթիռը «օրինական սովորական գործողություն էր իրականացնում» միջազգային օդային տարածքում։

Միջադեպի տեսագրությունում, որը ներկայացրել է հրամանատարությունը, երեւում է, թե ինչպես է չինական ինքնաթիռը թռչում ամերիկյան ինքնաթիռի կողքով։ Երբ երկու ինքնաթիռները մոտենում են միմյանց, ամերիկյան ինքնաթիռը փորձում է շեղել ուղղությունը՝ բախումից խուսափելու համար։

«Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ միավորված ուժերը նախատեսված են  ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար եւ կշարունակեն թռչել, լողալ եւ գործել ծովում եւ միջազգային օդային տարածքում՝ հաշվի առնելով բոլոր նավերի եւ ինքնաթիռների անվտանգությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան», նշվել է հայտարարությունում։ «Մենք հույս ունենք, որ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բոլոր երկրները կօգտագործեն միջազգային օդային տարածքն անվտանգ եւ միջազգային իրավունքին համապատասխան»։