Աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում մեծանում է ռուս-չինական ռազմավարական գործընկերության նշանակությունը՝ որպես կայունացնող գործոն։ Տեսակոնֆերանսի ժամանակ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ զրույցում, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի եւ Պեկինի հարաբերությունները արժանավայել դիմակայում են բոլոր փորձություններին եւ շարունակում են դինամիկ ընդլայնվել։ «Ինչպես մենք ձեզ հետ արդեն նշել էինք, այս հարաբերությունները լավագույնն են ամբողջ պատմության ընթացքում, դրանք 21-րդ դարում խոշոր տերությունների համագործակցության օրինակ են ներկայացնում»,- ասել է Պուտինը՝ նշելով բոլոր մակարդակներում երկկողմ կապերի ակտիվությունը։

«Առաջիկա տարում կշարունակվեն ինտենսիվ երկկողմանի փոխանակումները։ Չեմ կասկածում, որ մենք ձեզ հետ անձամբ հանդիպելու հնարավորություն կգտնենք։ Հարգելի պարոն նախագահ, հարգելի բարեկամ, սպասում ենք Ձեզ հաջորդ տարվա գարնանը պետական ​​այցով Մոսկվա։ Այն ամբողջ աշխարհը ցույց կտա առանցքային հարցերում ռուս-չինական կապերի ամրությունը եւ կդառնա տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը երկկողմ  հարաբերություններում»,- նշել է ՌԴ ղեկավարը։

Նրա խոսքով, չնայած արտաքին անբարենպաստ իրավիճակին, անօրինական սահմանափակումներին եւ  արեւմտյան որոշ երկրների ուղղակի շանտաժին, Ռուսաստանին եւ Չինաստանին հաջողվել է ապահովել փոխադարձ ապրանքաշրջանառության ռեկորդային բարձր աճ։

 «Տարվա արդյունքներով այն կավելանա մոտ 25 տոկոսով։ Այս տեմպով մենք կկարողանանք մինչեւ 2024 թվականը մեր սահմանած 200 միլիարդ դոլար նպատակին հասնել նախատեսված ժամկետից շուտ: Էներգակիրների մատակարարումները հասել են աննախադեպ ծավալների, համատեղ աշխատանքներ են տարվում ածխաջրածինների արտադրության եւ վերամշակման ոլորտում հզորություններ ստեղծելու ուղղությամբ։ Այս տարվա արդյունքում Ռուսաստանը դարձել է Չինաստան նավթի արտահանման առաջատարներից մեկը։

Այսօր մենք արդեն երկրորդ տեղում ենք գազամուղով Չինաստան մատակարարվող գազի ոլորտում, չորրորդ տեղում՝ ներկրվող հեղուկ բնական գազի ծավալով։ Դեկտեմբերի 1-ին արեւելյան երթուղով ուղարկվել է 13,8 մլրդ խմ, իսկ դեկտեմբերին օրական պայմանագրային պարտավորությունների գերազանցումը հասել է 18 տոկոսի։ Հաջորդ տարի ավելի կմեծացնենք մղման ծավալները»,- ասել է նա։