Սեպտեմբերի 11-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը սկսվում է անվտանգության խիստ միջոցառումների ներքո: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Աղթարից, ոստիկանության հետ համատեղ երկնքից հոսկողություն են իրականացնում նաեւ ռազմական ուղղաթիռները: Ոսիտկանությունը փակել է նաեւ Աղթամար կղզու նավահանգիստ տանող հատվածը` հետիոտնի շարժն ավելի մատչելի դարձնելու համար: Դեպի Աղթամար կղզի տանող նավահանգիստի մոտակայքում կազմակերպվել են բացօթյա փոքր տոնավաճառ-հանդեսներ, որտեղ ներկայացված են Վանի ուտեստներն ու քաղզրավենիքները, ինչպես նաեւ Վանը խորհրդանշող հուշանվերներ:
Աղթամար կղզում այս տարի նկատվում է հայաստանցիների մեծ հոսք: Կղզում ոստիկանության հետ մեկտեղ ծառայություն է իրականացնում շտապօգնությունը եւ փրկարարները:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում Հայոց ցեղասպանությունից 96 տարի անց անցկացվում է երկրորդ պատարագը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգվել է 2007թ.–ին: Այնուհետեւ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010թ.-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակի, որն համընկնում էր Սուրբ Խաչ եկեղեցական տոնի հետ:
Սակայն պատարագից մեկ ամիս առաջ թուրքական իշխանությունները հայտարարեցին, թե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ եկեղեցու խաչը տեղադրել մինչեւ պատարագի օրը: Պատարագը մատուցել է Պոլսո Հայոց պատրիարքարանը: Իսկ հոգեւոր մյուս կենտրոնները՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն էր: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, թեեւ նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ էր հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել էին, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի:
Սուրբ Խաչ եկեղեցու խաչը գմբեթին տեղադրվել է պատարագից 10 օր անց՝ սեպտեմբերի 30-ին եւ օծվել Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, վարդապետ Թաթուլ Անուշյանի կողմից։


























