Վրաստանի արեւմտյան Լանչխուտի շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. բախվել են երկու ուղեւորատար ավտոբուսներ եւ մեկ մարդատար մեքենա,  զոհվել է յոթ մարդ:

Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, բոլոր զոհերը Վրաստանի քաղաքացիներ են, վիրավորվել է 25  մարդ, որոնց թվում կան Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիներ, հաղորդում է «Վեստի. ռու»-ն:

Ներկայումս հիվանդանոցում մնացել է 13 տուժած, որից երեքի վիճակը բժիշկները ծանր են համարում: Իրավապահները հայտնել են, որ վթարի մեղավորը մարդատար Ford մակնիշի ավտոմեքենան է եղել, որը վարել է Թուրքիայի քաղաքացին: Մեքենան բախվել է Բաթումից Թբիլիսի ուղեւորվող միկրոավտոբուսին, որն էլ  իր հերթին` Հայաստանից Թուրքիա մեկնող ավտոբուսին:  Միջադեպի արդյունքում միկրոավտոբուսի վարորդն ու վեց ուղեւորները զոհվել են:

Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, ոստիկանությունն արդեն կալանավորել է  Ford-ի վարորդին: Թուրքիայի քաղաքացի Մահմուդ Կուտարը մեղադրվում է արագությունը գերազանցելու եւ վթարային իրավիճակ ստեղծելու մեջ: