Անցնող տարին «դժվար, անհրաժեշտ որոշումների, լուրջ քայլերի» տարի էր Ռուսաստանի լիակատար անկախության համար, եւ այժմ այն պայքարում է իր ապագայի համար։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուսներին ուղղված իր ամանորյա ուղերձում։

Երկրի ղեկավարը դիմել է երկրի ժողովրդին ոչ թե Կրեմլի ֆոնին, այլ զինվորականների կողքին կանգնած։ Ինչպես լրագրողներին պարզաբանել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, դիմումը ձայնագրվել է Հարավային ռազմական օկրուգի շտաբում, ուր Պուտինը ժամանել է առավոտյան։

«Դա դժվարին, անհրաժեշտ որոշումների, Ռուսաստանի ամբողջական ինքնիշխանության ձեռքբերման եւ մեր հասարակության հզոր կոնսոլիդացիայի ուղղությամբ արված կարեւորագույն քայլերի տարի էր։

2022-ի իսկապես առանցքային, ճակատագրական իրադարձությունները դարձել են մի նշաձող, որը հիմք է դնում ռուսների ընդհանուր ապագայի եւ նրանց իրական անկախության համար. «Սրա համար ենք մենք այսօր պայքարում»։

Սա մի տարի էր, որը շատ բան իր տեղը դրեց, հստակ տարանջատեց քաջությունն ու հերոսությունը դավաճանությունից եւ վախկոտությունից, ցույց տվեց, որ չկա ավելի բարձր ուժ, քան սերը ընտանիքի եւ ընկերների հանդեպ, հավատարմությունը եւ նվիրվածությունը հայրենիքին», - մասնավորապես նշել է Պուտինը:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նույնպես շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել մարտական ​​պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության եւ հերոսության համար։

«Այսօր դուք պաշտպանում եք ոչ միայն Ռուսաստանի մեծ պատմությունը, այլեւ նրա պայծառ ապագան։ Մեզանից յուրաքանչյուրի թիկունքում Ռուսաստանն է»,- ասել է նա։

Նախարարը վստահություն է հայտնել, որ հաղթանակն անխուսափելի է: