Երրորդ տարին է՝ Դավիթի ծնունդը հարազատները շնորհավորում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ նրա շիրիմին ծաղիկներ խոնարհելով։ Դավիթն այսօր 22 տարեկան կդառնար. նա 21-րդ դարում Հայաստանում ծնված առաջին երեխան է։

«Բժիշկներն ասում էին, որ Դավիթս հունվարի 5-ին, 6-ին կամ էլ 7-ին է ծնվելու։ Հունվարի 1-ի կեսգիշերին՝ 12-ից մի քանի րոպե անց կինս ասաց՝ ժամանակն եկել է։ Դավիթս այդ գիշեր ծնվեց։ Երկու օր անց հիվանդանոցի ընդունարանում լսեցի, որ բուժքույրը մեր ընտանիքի տվյալներն է հեռախոսով ինչ-որ մեկին հաղորդում։ Հարցուփորձ արեցի, թե ինչ խնդիր կա, ասաց՝ առաջին երեխան է Դավիթը։ Լավ չհասկացա՝ ինչ նկատի ուներ, հետո միայն, երբ հեռուստացույցով հաղորդեցին այդ մասին, ես հասկացա, որ Դավիթս 21-րդ դարում Հայաստանում ծնված առաջին երեխան է»,- NEWS.am-ի հետ զրույցում ուրախ հիշողություններով կիսվում է Դավիթի հայրը՝ Բագրատ Ուզունյանը։

Դավիթը լիդեր էր, միշտ ձգտում էր առաջինը լինել, իր առջեւ դրված նպատակներին հասնել․ որդու մասին Բագրատի այս խոսքերի ապացույցը Դավիթի սենյակի պատին փակցված գովասանագրերը, պատվոգրերը, շքանշաններն ու մեդալներն են։

Թեեւ Դավիթը շատ էր սիրում ֆուտբոլ, այդուհանդերձ, նա այլ մասնագիտություն էր ընտրել. ընդունվել էր Ամերիկյան համալսարանի բիզնես կառավարման ֆակուլտետ, մեկ տարի սովորելուց հետո՝ 2019 թվականի հուլիսի 31-ին նա բանակ էր զորակոչվել։

 «Չէինք ուզում, որ բանակ գնա, ասում էի՝ համալսարանդ ավարտիր, նոր գնա, ասում էր՝ չէ, ես չպետք է հետ մնամ։ Հնարավորություն կար Դավիթին ԱՄՆ ուղարկելու, բայց ասում էր՝ հո սաղ կյանքս փախած չեմ լինելու, իմ երկիր չկարողանա՞մ գալ, ես կգնամ, կծառայեմ։ Դավիթս հուլիսի 6-ին պետք է զորակոչվեր, բայց հուլիսի 1-ին վթարի ենթարկվեց։ Մեքենան, որ տեսա, չէի պատկերացնում, որ ողջ մնացած մարդ կարող է լինել․․․ Դավիթիս ձեռքն էր վնասվել։ Զինկոմիսարիատում հրաժարվում էին Դավիթին բանակ տանել, ինքը պնդում էր, որ պետք է տանեն, անգամ ես ՊՆ-ում դիմում գրեցի։ «Եղիկներ» տարան, մեկ տարին չլրացած՝ սերժանտի կոչում ստացավ»,- պատմում է հայրը։  

Ծնողները Դավիթին վերջին անգամ պատերազմի նախօրեին են տեսել՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, երբ արտերկրից եկած հյուրերի հետ գնացել են նրան տեսակցության։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ արգելված էր այցելությունները, նրանց կարճ ժամանակով հաջողվել էր տեսակցել Դավիթին։

«Հենց այդտեղ էլ տեղացիներից մեկը զարմացավ, որ գնացել ենք Արցախ, ասաց՝ տեղյակ չե՞ք, որ կռիվ է սկսվելու, էս ո՞նց եք եկել։  Զինվորականներն էլ չթաքցրին, որ լարվածություն կա, միայն Դավիթս ասաց՝ պապ, ինչ «համար 1», որ «համար 1» լիներ, ինձ չէին թողնի, որ ես գամ. Դավիթս մեզ համոզեց։ Մենք պլանավորել էինք, որ գիշերը Արցախում ենք մնալու, բայց ինչ-որ պատճառներից ելնելով վերադարձանք տուն։  Դավիթի հետ կապ հաստատել էլ չէինք կարողացել, ընկերների խոսքով՝ պատերազմը, որ սկսվել է՝ Դավիթն անհանգիստ է եղել, ասել է՝ տեսնես մերոնք տեղ հասե՞լ են։ Մենք լուսաբացին տուն հասանք, 7-ից հետո կինս զանգ ստացավ, որ կռիվը սկսվել է»,- հիշում է Բագրատը։

Դավիթը զոհվել է պատերազմի 5-րդ օրը՝ հոկտեմբերի 1-ին։ Ծնողները նրա մահվանից երեք տարի անց էլ չգիտեն որդու մահվան բոլոր հանգամանքները.

«Պատերազմի առաջին օրը Մռավի վրա հարձակում է եղել։ Ընկերների պատմելով Դավիթիս հաջողվել է մի քանի թուրք սատկացնել, ինչի արդյունքում թշնամու դուխը կոտրվել է, նահանջել են, էդ դիրքերը տղերքի անձնուրաց կռվի շնորհիվ  են մնացել։ Էդ հարձակումը հետ շպրտելիս մենք զոհ չենք ունենցել, Դավիթս է միայն էդ պոստում զոհվել՝ էն էլ հոկտեբերի 1-ին։ Ընկերներին շատ եմ հարցրել՝ ինչի հետեւանքով է զոհվել, բայց չեն ասում»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։