Վրաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում Հայաստանի մի քանի քաղաքացիներ աննշան վնասվածքներ են ստացել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` հավելելով, որ մի կնոջ էլ տեղափոխել են հիվանդանոց, սակայն երկու ժամ անց դուրս են գրել:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Վրաստանի արեւմտյան Լանչխուտի շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. բախվել են երկու ուղեւորատար ավտոբուսներ եւ մեկ մարդատար մեքենա,  զոհվել է յոթ մարդ: Բոլոր զոհերը Վրաստանի քաղաքացիներ են, վիրավորվել է 25 մարդ: 

Ներկայումս հիվանդանոցում մնացել է 13 տուժած, որից երեքի վիճակը բժիշկները ծանր են համարում: Իրավապահները հայտնել են, որ վթարի մեղավորը մարդատար Ford մակնիշի ավտոմեքենան է եղել, որը վարել է Թուրքիայի քաղաքացին: Մեքենան բախվել է Բաթումից Թբիլիսի ուղեւորվող միկրոավտոբուսին, որն էլ  իր հերթին` Հայաստանից Թուրքիա մեկնող ավտոբուսին:  Միջադեպի արդյունքում միկրոավտոբուսի վարորդն ու վեց ուղեւորները զոհվել են:

Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, ոստիկանությունն արդեն կալանավորել է  Ford-ի վարորդին: Թուրքիայի քաղաքացի Մահմուդ Կուտարը մեղադրվում է արագությունը գերազանցելու եւ վթարային իրավիճակ ստեղծելու մեջ: