NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Asbarez»-ում հրապարակված Կարեն Եգպարյանի հոդվածը.

««WikiLeaks» -ի  փաստաթղթերից մեկը վերաբերում է  թուրքական կառավարության հակահայկական խելացնորությանը:  Այդ տեղեկատվությունը կարող է բացատրել, թե ինչու են նրանք հայերին կապում Քրդական աշխատավորական կուսակցության եւ,  ընդհանրապես, քրդական հուզումների հետ: Փաստաթղթում մասնավորապես ասվում է . «Անկարան իր կասկածները հիմնավորել է ընտանեկան գծով  բնակչության մանրակրկիտ ռեեստրի (nufus kutugu) տվյալներով, որը ցույց է տալիս, թե հատկապես արեւելքում եւ հարավ-արեւելքում որքան շատ են  հայկական ծագում ունեցող քաղաքացիները, որոնց նախնիները հայերի զանգվածային տեղահանումների եւ կոտորածների ժամանակ կամավոր կամ բռնի կրոնափոխ են եղել»:

Այսպիսով, թուրքական կառավարությունը ցանկացած հայից կամ հայկական կազմակերպությունից  շատ ավելի լավ գիտի, թե  որքան  ծպտված հայեր կան Թուրքիայում: Եւ դա նույնիսկ չի ներառում նրանց, ովքեր ստիպողաբար հավտափոխ են եղել Օսմանյան կայսրության գոյության ժամանակ:

Այնպես որ, մեր գիտնականների համար ժամանակն է ուսումնասիրել «nufus kutugu»-ի փաստաթղթերը եւ հզոր տոհմածառ կազմել:  Միաժամանակ` այն հայերը, ովքեր այցելում են մեր արեւմտյան գրավված տարածքներ, պետք է մազեր հավաքեն:  Նրանք պետք է մազեր վերցնեն իրենց պատահած ցանկացած ծպտված հայից,  ինչպես նաեւ հավաքեն ընտանեկան ցանկացած տեղեկատվություն, այդ թվում` տոհմածառի մասին: Եւ այդ ժամանակ էլ կսկսվի ԴՆԹ-ի անալիզը:

Այդ գենետիկ տվյալների բազան եւ թուրքերի կողմից հավաքված ծագումնաբանական տվյալները Թուրքիայից դուրս գտնվող հայերի գենետիկ  եւ ծագումնաբանական էկվիվալենտների հետ համադրելու միջոցով հնարավոր է եւս մեկ հզոր իրավական փաստարկ ստեղծել մեր իրավունքներին հասնելու համար:

Ո՞վ գիտե: Հնարավոր է` մի քանի միլիոն մարդ հնարավորություն կունենա վերադառնալ իր արմատներին:  Եվ դա ի հավելումն համշենցիների` իսլամացած հայերի, ովքեր մինչեւ  հիմա մայրենի լեզվով են խոսում»: