Նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կրճատվել է 93,753 միլիարդ դոլարով, Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալների հիման վրա հաշվել է ՌԻԱ Նովոստին։
BBI վարկանիշը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց։ Ներկայումս այնտեղ ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության 23 քաղաքացի։ 2023 թվականի հունվարի 2-ի դրությամբ նրանց ընդհանուր կարողությունը կազմում է մոտ 269 միլիարդ դոլար, ինչը գրեթե 27 միլիարդ դոլարով պակաս է, քան 2022 թվականի դեկտեմբերի 1-ին:
Վարկանիշում առաջին տեղը պահպանում է «Նորնիկելի» գլխավոր սեփականատերերի մեկը՝ Վլադիմիր Պոտանինը, նրա կարողությունը նախորդ տարի կրճատվել է 2,28 միլիարդ դոլարով՝ հասնելով 28,6 միլիարդ դոլարի։
Նվազել է նաեւ «Նովատեկի» համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի ցուցանիշը՝ 7,81 մլրդ դոլարով՝ մինչեւ 24,6 մլրդ դոլար։ Իսկ երրորդ տեղում ՆԼՄԿ-ի բենեֆիցիար Վլադիմիր Լիսինն է, նրա կարողությունը տարվա ընթացքում նվազել է 8,13 մլրդ դոլարով՝ մինչեւ 19,9 մլրդ դոլար։
Ալեքսեյ Մորդաշովը, ով մեկ տարվա ընթացքում կորցրել է 10,1 միլիարդ դոլար (նրա կարողությունը գնահատվում է 18,7 միլիարդ դոլար), մեկ ամսում իջել է չորրորդ հորիզոնական։ Հինգերորդ տեղը զբաղեցրել է Ալիշեր Ուսմանովը («Մետալոինվեստ», «Մեգաֆոն»), նրա կարողությունը նվազել է 2,79 մլրդ դոլարով՝ հասնելով 18,5 մլրդ դոլարի։
Վեցերորդ տեղում «Լուկոյլի» համասեփականատեր Վագիտ Ալեքպերովն է (կարողությունը նվազել է 6,38 մլրդ դոլարով՝մինչեւ 15,4 մլրդ դոլար): Յոթերորդ տեղը զբաղեցրել է Միխայիլ Պրոխորովը («Օնեքսիմ» խումբ), ում կարողությունը նվազել է 750 մլն դոլարով՝ մինչեւ 13,2 մլրդ դոլար։




























