Իրանը եւ Ռուսաստանը պայմանագիր են ստորագրել իրանա-ռուսական Սոլյանկա նավահանգստի համար նավեր կառուցելու մասին, տեղեկացրել է Mehr-ը։
Բարձր գնահատելով «Islamic Republic of Iran Shipping Line Group» (IRISL) ընկերությունների խմբի եւ Սոլյանկա նավահանգստի իշխանությունների ջանքերը Կասպից ծովի տրանսպորտային ցանցի ամրապնդման հարցում՝ Աստրախանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մահդի Ակոչակիանը հայտարարել է, որ իրանցի ու ռուս պաշտոնատար անձինք փորձում են բարձրացնել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մակարդակը։
Պայմանագրի ստորագրումը մեծ քայլ անվանելով իրանա-ռուսական առեւտրային հարաբերությունների զարգացման գործում՝ Ակոչակիանն ասել է, որ այդ նավերը կարող են տեղափոխել ամեն տեսակի բեռներ։ Նա նաեւ հույս է հայտնել, որ պայմանագրի կնքմամբ եւ մեծ նավերի ձեռքբերմամբ կապահովվեն Կասպից ծովում նավագնացության պահանջմունքները։
Հայտարարելով Աստրախանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության պատրաստակամությունը՝ աջակցել Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացային գործունեության զարգացմանը, Ակոչակիանը Աստրախանի իշխանություններին կոչ է արել շարունակել հողի սեփականության իրավունքի հանձնումը Սոլյանկա նավահանգստի ներքին տարածքների զարգացման համար։




























