Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) իրանական թեւի` PJAK-ի դեմ իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է այդ կազմակերպության 9 անդամ, այդ թվում 2 հրամանատար: Ինչպես հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով «Դողան» գործակալությունը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ Նասիր Շաբանին Fars գործակալությանը հայտնել է, որ ձերբակալվել է PJAK-ի 9 անդամ: «Նրանցից երկուսը այդ կազմակերպության հրամանատարներ են: Այդ մարդկանց ցուցմունքները կօգնեն մեզ հայտնաբերել գաղտնի ապաստարանները եւ զինամթերքի պահեստները»,- ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ PJAK-ի քուրդ զինյալները սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Աբասալի Յանեսարին (Abbasali Jannesari): Այդ մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը, հաղորդում է UPI.com-ը:
Հաղորդվել է, որ գեներալը մահացել է «դաժան մահով» Իրանի արեւմուտքում տեղի ունեցած բախման ժամանակ:
Նշենք, որ PKK-ի իրանյան թեւը՝ PJAK-ը(Քուրդիստանի ազատ կյանք) սեպտեմբերի 5-ից զինադադար է հայտարարել Իրանի հետ, որից հետո ըստ տեղեկությունների, երկու կողմից էլ դադարեցվել են ռազմական գործողությունները:




























