Հաջորդ շաբաթների ընթացքում Լաչինի միջանցքի հետ կապված քայլերի կտրուկ ակտիվացում կզգաք սփյուռքում, որն արդեն սկսվել է։ Այ մասին, այսօր՝  հունվարի 5-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Սփյուռքը տարբեր քայլերի է դիմում։ Իհարկե, հանրությունն ավելի բուռն արձագանք էր ակնկալում, ինչպիսին կար պատերազմի ընթացքում։ Սակայն ինչ-ինչ պատճառներով այդ արձագանքը շատ ավելի մեղմ է: Դա կապված է շատ շարք գործոնների հետ` ինչ-որ ապատիա կա, ինքնակազմակերպման ու համայնքների ներսում այլ խնդիրներ կան»,–ասաց Սինանյանը։

Նա վստահեցրեց, որ այդ հարցի հետ կապված մոբիլիզացրել են ռեսուրսները` ոչ միայն համայնքային կառույցների իմաստով, այլ նաև սփյուռքի երիտասարդ դեսպաններն են ակտիվ աշխատում բոլոր երկրներում։

Սինանյանը հիշեցրեց, որ երեկ Լոս Անջելեսի քաղաքապետը Քարեն Բասը հայտարարությամբ է հանդես եկել` ասելով, որ ջանքեր կգործադրի, որպեսզի ԱՄՆ–ն ավելի ներգրավված լինի Լաչինի միջանցքի բացման հարցում։

Հիշեցնենք, որ 25 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը:

Արցախում 120 000 մարդ, որից 30 000-ը երեխաներ են, այս տարի Ամանորը դիմավորել են շրջափակման մեջ՝ ճանապարհի բացման սպասումով։ Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման պատճառով 1100 քաղաքացի տուն վերադառնալու հնարավորություն չունի, որից 270-ը երեխաներ են։