Թուրքական մամուլում կրկին ակտիվացել են հակաիրանական հրապարակումները, ընդ որում կրկին առաջ է քաշվում ադրբեջանական գործոնը, որը շահարկելով Թուրքիան ցանկանում է խժդժություններ հարուցել իր «դաշնակից եւ բարեկամ» երկրում: Թուրական Yeni Şafak թերթում հրապարակվել է նման հերթական հոդվածներից մեկը, որը պատմում է իրանցի ազերի պոետ ոմն Հաբիբի մասին, ով իբր փախել է Իրանից, քանի որ Ղարաբաղի մասին բանաստեղծությունների համար կարող է մահապատժի ենթարկվել: Ձեզ ենք ներկայացնում ակնհայտ կեղծիքով լի այդ հոդվածը` մասնակի թարգմանությամբ, որպեսզի մեր ընթերցողները պատկերացում կազմեն, թե ինչ միջոցների են դիմում հարեւանները քարոզչական պատերազմում:
«Իրանցի ազերի Հաբիբը Իրանի` Հայաստանի հետ ունեցած մոտ հարաբերությունների եւ իր ադրբեջանական ինքնության պատճառով ենթարկվել է կտտանքների եւ ինքնակամ եկել է Ստամբուլ` Իրանում արգելված բաներ ասելու պատճառով: Նման բաներն ասելը հեշտ չէ, իսկ պատիժը մահապատիժն է: Իրանցի Հաբիբ. նա ինձ այդպես ներկայացավ: Իր անունի սկիզբն իր էթնիկ ինքնությունն է եւ ծննդավայրը: Չգիտեմ, թե սա իր իսկակա՞ն անունն է: Նա 33-ամյա պոետ եւ ակտիվիստ է: Նա Թուրքիայում է գտնվում, որովհետեւ իր ազգային ինքնության պատճառով առանձնացվել եւ Իրանի ռեժիմին քննադատելու համար ճնշումների է ենթարկվել: Իր ընկերները բանտում են: Նա բանտ չգնալու եւ լուռ չմնալու համար իր հայրենիքը լքած եւ Թուրքիայում ապրելը նախընտրածներից մեկն է:
«Իրանի` Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների պատճառով Հայաստանի` մեզ արածները չենք կարողանում քննադատել: Իմ պոեզիան եթե Իրանում գտնեն, ինձ մահապատժի կենթարկեն»,- ասում է նա: Այս պատճառով Հաբիբի շատ թվով ընկերներ բանտարկվել են, եւ նա ավելի հանգիստ խոսելու, գրած պոեզիան գրքերի վերածելու եւ համալսարան ընդունվելու համար եկել է Ստամբուլ: Նա ասում է, թե դեռեւս աշխատանք չունի եւ վատ պայմաններում է ապրում: Չնայած բոլոր այս դժվարություններին, նա չի մտածում այստեղից գնալու մասին, որովհետեւ նա Թուրքիային ավելի ժողովրդավար է համարում: Հաբիբն Իրանում իրավաբանական ֆակուլտետն է ավարտվել, սակայն չի կարողացել սովորել իր լեզվով: Եվ սա իրեն ամենաշատ տխրեցնող փաստն է: «Մեր թերթերը, հեռուստաալիքները եւ գրքերը պարսկերեն են հեռարձակվում եւ հրատարակվում, նրանք թույլ չեն տալիս, որ մենք թուրքերեն կարդանք եւ գրենք: Բնակչության 55 տոկոսը լինելով` մենք իրավունք ունենք մեր լեզվով գրելու եւ կարդալու»,- ասել է Հաբիբն ու նշել, որ թուրքական ալիքները դիտելով է սովորել լեզուն:
Իսկ թե ինչպես են կարողացել պահպանել լեզուն, ասում է. «Մեր լեզուն եւ մշակույթը պահպանելու համար մենք մեր երեխաներին փոքրուց պատմում ենք մեր հերոսների մասին»: Հաբիբն ասում է, որ սրա պատճառն այն է, որ Իրանում ցանկանում են խոչընդոտել թուրքերի ուժեղացմանը: «8 հարյուր տարի առաջ Ադրբեջանի ժողովուրդը ուներ մեծ կայսրություն, իսկ հիմա կտոր-կտոր դարձրեցին: Աշխարհը չի ցանկանում, որ թուրք ազգերը միանան: Քանի որ աշխարհը հասկացավ մեր ուժը, մեզ կտոր-կտոր արեցին, եւ փորձում են մեզ վերահսկել: Ղարաբաղը կոմունիստներն են վերցրել: Յուրաքանչյուր ազերի տարբեր տեղեր է գնացել, եւ նրանք մտածում են, որ եթե ազերիները միանան, ապա կարող են վերագտնել 800 տարի առաջվա իրենց ուժը»:
Հաբիբն ասում է, որ Իրանում ազերիները ճնշվում են: «Թերթերում մեր մասին վատ բաներ են գրում, ներկայացնում են որպես անբարոյականներ, նրանք չեն հարգում մեր գաղափարները, կինոներում ներկայացնում են որպես աղբահավաքներ: Իրանում «Իրան» անունով մի թերթ կա եւ այնտեղ մեր մասին վատ բաներ են գրվում, մենք բողոքեցինք դրա դեմ եւ այդ պատճառով մեր մի մասը բանտարկվեց»:




























