Ավելի քան 120 000 մարդ գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ՝ իր ապագայի վերաբերյալ անորոշ պայմաններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը։
«Այսօր հայերի համար Սուրբ Ծնունդ է։ Շնորհավորում եմ բոլոր հայ ընկերներիս Սուրբ Ծնունդը։
Թող այս տոնը մեզ բոլորիս երջանկություն, խաղաղություն եւ լավ օրեր բերի։
Ուզում եմ ավելացնել, որ մեր սրտերը եւ զգացումները Արցախի հայերի հետ են նրանց համար շատ ծանր օրերին։
Ավելի քան 120 000 մարդ ադրբեջանական շրջափակման մեջ է իր ապագայի վերաբերյալ անորոշ պայմաններում։ Իսկ աշխարհը, ցավոք, փակում է աչքերը, թե ինչ է տեղի ունենում հենց իր քթի տակ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10.30-ից ադրբեջանցիների խումբն, իբր, բնապահպանական պատճառներով փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ առաջադրելով նաեւ քաղաքական պահանջներ։ Արցախի շրջափակումը շարունակվում է։




























