Ֆրանսիան իրավունք չունի խոսքի ազատության պատրվակով արդարացնել այլ երկրների սրբավայրերը վիրավորելը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Ֆրանսիան, գաղութատիրության իր սեւ պատմությամբ, (իր հողի) ներսում եւ դրսում մարդու իրավունքների ու խոսքի ազատության ոտնահարումներով, իրավունք չունի արդարացնել այլ երկրների ու ժողովուրդների սրբավայրերը եւ աստվածային կրոնների հետեւորդներին վիրավորելը՝ խոսքի ազատության պատրվակով»,- Twitter-ում գրել է Քանանին՝ ի պատասխան ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարին:

Քանանին ֆրանսիացի պաշտոնյաներին միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները պահպանելու՝ մասնավորապես փոխադարձ հարգանքի, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, ազգային եւ կրոնական արժեքները ու այլ երկրների սրբավայրերը հարգելու կոչ է արել։

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա Ռոշը այս առիթով կանչվել էր ԱԳՆ։

Ֆրանսիայի դեսպանի հետ այս հանդիպման ժամանակ Քանանին Իրանի վճռական բողոքն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը եւ հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունի որեւէ վիրավորանք իր իսլամական, կրոնական եւ ազգային սրբություններին ու արժեքներին: «Իրանի Իսլամական Հանրապետությունը բացատրություններ եւ փոխհատուցման գործողություններ է սպասում ֆրանսիական կառավարությունից՝ ամսագրի անընդունելի պահվածքի դատապարտման համար»,- ասել է նա։