Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ը, որը կառուցվել էր ռուս մասնագետների կողմից եւ որը գրանցվել է ԱԷՄԳ-ի կողմից, պաշտոնապես սկսել է շահագործվել։
«Բուշերի» ԱԷԿ-ի էներգաբլոկը ներկայումս աշխատում է իր հզորության 35-40 տոկոսով։ «Սարքավորումների ստուգման եւ լրացուցիչ թեսթավորման նպատակով ռեակտորը շուրջ մեկ շաբաթ անց կանջատվի էներգետիկ համակարգից։ Դա 2-3 ամիս կտեւի»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Նա հայտնել է, որ դրանից հետո ռուս մասնագետները եւս մեկ տարի կզբաղվեն կայանի երաշխիքային սպասարկմամբ։
Ժամկետն ավարտվելուց հետո ԱԷԿ-ի շահագործումն ամբողջությամբ կիրականացվի իրանցի ինժեներների կողմից։
Կայանը 65 մՎտ հզորությամբ ցանցին միացվել էր սեպտեմբերի 3-ին, եւ Իրանի էներգահամակարգ էին հասել էլեկտրաէներգիայի առաջին կիլովատտները։ Այսօր` սեպտեմբերի 12-ին կայացել է Բուշերի ցանցին միացման հանդիսավոր արարողությունը։ Ռուսական կողմից ներկա էին եղել «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն եւ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն։



























