Հայաստանը շահագրգռված է, որպեսզի Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը երկրում արագ ընթանա, որովհետեւ Հայաստանը դրա կարիքն ունի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 12-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շուրջ ընթացող ծրագրերի իրականացման ընթացքին, համաշխարհային տնտեսության ներկա իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին: Վարչապետն Ասադ Ալամին է ներկայացրել մեր երկրի տնտեսական համակարագում իրականացվող զարգացմանն ուղղված քայլերը եւ գործողությունները, մասնավորապես, մանրամասներ է ներկայացրել արդյունաբերության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում ընթացող միջոցառումների վերաբերյալ:
Զրուցակիները կարեւորել են Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության հետագա զարգացումը՝ ընդգծելով, որ դրա համար ստեղծվել են լուրջ հիմքեր:
«Արագ փոփոխվող աշխարհում մենք պետք է հիմնական շեշտը դնենք մեր ներքին պոտենցիալի վրա եւ այդ համատեքստում մի շարք ոլորտներում ընթացող ծրագրերը մեծապես կարեւոր են, արդյունավետ եւ նպատակային»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված քայլերը, մասնավորապես, ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի եւ այդ նպատակով համապատասխան կարողությունների ձեւավորման մանրամասները:




























