Գյումրիի տեխնոպարկում նախատեսվում է հիմնել աշխարահահռչակ D-link ընկերության տեստավորման եւ հետազոտական կենտրոնը։ Այս վստահությունը տեխնոպարկի հանդեպ կարող է լավ օրինակ հանդիսանալ այլ ընկերությունների համար։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի տեխնոպարկի հիմնադրամի տնօրեն Գուրգեն Պարոնյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ներկայումս համագործակցության համար բանակցություններ են տարվում նաեւ այլ խոշոր արտասահմանյան ընկերությունների հետ։ Բացի այդ ստեղծվում են նաեւ տեղական կապիտալով ընկերություններ, որոնք կգործեն տեխնոպարկում։ Գ. Պարոնյանի խոսքով՝ արդեն իսկ ստեղծվել են 4 տեխնոլոգիական ընկերություններ, եւ այդ թիվը կավելանա։
«Նոր ստեղծված ընկերություններից երկուսը ստեղծվել են առանց պետական մասնակցության։ Դրանց տեխնիկական, մասնագիտական եւ տարածքային աջակցություն է ցուցաբերում տեխնոպարկը»,-ասաց Գ. Պարոնյանը՝ նշելով, որ իրենք ներկայումս ստեղծում ենք այն բովանդակային մասը, որ պետք է լինի տեխնոպարկում շենքը պատրաստ լինելուց անմիջապես հետո։
Գ. Պարոնյանի տեղեկացմամբ՝ իրենք տեխնոպարկի համար նաեւ կադրեր են պատրաստվում, արդեն իսկ դասընթացներ են անցել 132 ուսանող Գյումրիից եւ 11 ուսանող Երեւանից։ Ինչ վերաբերում է տեխնոպարկի շենքի տեխնիկական առաջադրանքին, ապա այն շուտով արդեն պատրաստ կլինի, իսկ մրցույթը կհայտարարվի հավանաբար հոկտեմբերին։
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը հուլիսի 21-ի նիստում հաստատել է Գյումրիի տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թ. ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության 2011 թ. պետական բյուջեով ծրագրի իրականացմանը համար սահմանվել է 176,5 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Գյումրիի տեխնոպարկի ստեղծման ծրագիրը հաստատվել է 2006թ., իսկ 2009 թ. հավանության է արժանացել տեխնոպարկի գործունեության պետական աջակցության ծրագիրը:



























