Ստրասբուրգում սեպտեմբերի 14-15-ին կայանալու է Եվրանեսթ կազմակերպության առաջին լիագումար նիստը, որին մասնակցելու համար մեկնելու է նաեւ հայկական պատվիրակությունը` Վահան Հովհաննիսյան (պատվիրակության ղեկավար, ՀՅԴ), Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան (ԲՀԿ), Արտակ Զաքարյան, Հովհաննես Սահակյան, Ալեքսանդր Սարգսյան (ՀՀԿ), Ստեփան Սաֆարյան («Ժառանգություն») եւ Խաչիկ Հարությունյան (ՕԵԿ) կազմով:
Հայաստանյան պատվիրակության անդամ, Եվրանեսթում քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Եվրանեսթում բավական խնդիրներ կան, եւ հայաստանյան պատվիրակությունը ակտիվորեն պատրաստվում է նիստին:
«Սա առաջին լիագումար նիստն է: Հունիսին տեղի է ունեցել պաշտոնական բացումը, բայց առաջին աշխատանքային նիստը կայանալու է սեպտեմբերի 14-15-ին: Ընդհանրապես Եվրանեսթը մեզ համար որքան կարեւոր, այնքան էլ բարդ հարթակ է, հաշվի առնելով, որ մեր արեւելյան գործընկերները, որոնք ներկայացված են Եվրանեսթում, միավորված են ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության մեջ, եւ արդեն ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանը փորձելու է օգտագործել ՎՈՒԱՄ-ի հնարավորությունները Եվրանեսթում ընդդեմ Հայաստանի»,- նշեց պատգամավորը:
Վերջինիս խոսքով, պատվիրակությունն ամեն դեպքում պատրաստված է գնում: «Իհարկե նախագծեր կան, որոնց Ադրբեջանն իր առաջարկներն է ներկայացրել, Հայաստանը` իր, եւ տեսնենք, թե ինչ ընթացք կունենան քննարկումներն ու քվեարկությունները»,- նշեց Զոհրաբյանը:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ Ադրբեջանը կփորձի ձախողել հայկական կողմի նախաձեռնությունները, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այդ մտավախությունը միշտ էլ կա եւ հիշեցրեց, որ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ առաջարկվել էր, որ Եվրանեսթի գոնե հանձնաժողովների նիստերից մեկը Հայաստանում արվեր: «Սակայն Ադրբեջանը հիստերիկ աղմուկ բարձրացրեց, նամակներով ողողեց Եվրախորհրդարանի բոլոր բարձրագույն ատյանները, այնպես որ իրենք փորձելու են բոլոր միջազգային կառույցներում, այնպես էլ Եվրանեսթում անընդհատ թյուրիմացության մեջ գցել իրենց մշտական երգերով` 20 տոկոս գրավյալ տարածքների, մեկ միլիոն փախստականների մասին»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի, խնդրահարույց է եւ այն, որ Բելառուսի մասնակցությունը կասեցված է` այնտեղ ժողովրդավարության վատթար վիճակի պատճառաբանությամբ, իսկ «մյուս մեր գործընկերները ՎՈՒԱՄ անդամներ են եւ այս փաստը որոշակի խնդիրներ առաջացնելու է Հայաստանի համար Եվրանեսթի ֆորմատում»:




























