Ադրբեջանի զինդատախազ Խանլար Վելիեւը բողոքել է դիֆամացիայից։ Նա հայտարարել է, որ «հեքիաթ» չի անվանել իրադարձությունները՝ հայտնի որպես «Տերտերի գործ»։ Վելիեւն ընդգծել է, որ իր խոսքերը խեղաթյուրվել են, հաղորդում է haqqin.az-ը։

Հիշեցնենք, որ «Տերտերի գործի» շրջանակում 2017 թվականի մայիս-հուլիս ամիսներին մոտ 2000 զինծառայողներ ենթարկվել են հօգուտ հայերի լրտեսության մեղադրանքի հետ կապված խոշտանգումների։ Նրանցից ոմանք մահացել են։ Միլի Մեջլիսում «Տերտերի գործը» քննարկվել է մի քանի օր առաջ։ Որոշ պատգամավորներ ասել են, որ Խանլար Վելիեւը պետք է ներողություն խնդրի ժողովրդից։ Ինքը՝ Վելիեւը, հերքում է բոլոր մեղադրանքները։

«Հարցրեք ձեր պատգամավորներին՝ ինչո՞ւ են նրանք խոսում այն մասին, ինչից տեղյակ չեն»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Լրագրողները հիշեցրել են 2021 թվականի ապրիլին մամուլի համար արված զինդատախազի հայտարարության մասին։ Այդ ժամանակ Վելիեւը «հեքիաթ» է անվանել պնդումները, որ զինծառայողները խոշտանգումների են ենթարկվել։ «Լսել եմ նման հայտարարություններ, սակայն դրանք կեղծ են։ Կարծում եմ, դա հեքիաթ է»,-ասել է նա։

Այժմ Վելիեւը պնդում է, որ իր խոսքերը խեղաթյուրվել են։ «Ես դա հեքիաթ չեմ անվանել։ Խոսքն այն մասին էր, որ զինդատախազները խոշտանգում, ծեծի են ենթարկում զինծառայողներին։ Ոչ ոք չի կարող ասել, որ զինդատախազության աշխատակիցները ճնշում են գործադրել, ծեծել կամ վիրավորել։ Նման բան պարզապես չի կարող լինել»,-հայտարարել է նա։

«Որպես տուժող հարցաքննվել են հարյուրավոր զինծառայողներ, որոնք ենթարկվել են կոշտ եւ անմարդկային խոշտանգումների, ձերբակալվել են կասկածվող անձինք։ Քննչական խմբի եզրակացության հիման վրա վերանայվել են «Տերտերի գործով» դատապարտված եւ երկարատեւ ազատազրկման դատապարտված տասնյակ զինծառայողների գործերը եւ արդարացման դատավճիռներ կայացվել։ Այդ անձանց ստիպել են խոստովանել պետական դավաճանությունը եւ նույնիսկ այն, որ նրանք բռնաբարվել են թշնամու զինվորների կողմից: Քննչական խումբը շարունակում է իր աշխատանքը»,-նշում է պարբերականը։