ԼՂ կարգավիճակի խնդրի վերաբերյալ, երբ որ եղավ այդ թվում Ռուսաստանի հրապարակային պարզաբանումները եւ մենք ասացինք, որ մեզ համար դա ամբողջովին ընդունելի է, պատկերն ամբողջացավ: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր նախկինում արած հայտարարությանը, թե ԼՂ կարգավիճակի հարցում պետք է մի փոքր իջեցնել նշաձողը:

«Փաստն այն է, որ այսօր էլ, երեկ էլ ամբողջ միջազգային հանրությունն ընկալել է որպես Ադրբեջանի մաս: Փաստն այն է, որ գուցե նաեւ այդքան պրագմատիկ չենք գտնվել եւ մեզ թվացել է, թե ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերը դրանք ուղղակի տեքստեր են թղթի վրա գրված, որը մենք կարող ենք նաեւ չնկատելու տալ: Դա մի մոտեցում է եղել, որի մասին մենք պետք է մտածենք: Ընդհանրապես, ես ասացի, որ մեր գործողությունների հիմքում պետք է լինի լեգիտիմությունը: Փաստերի հետ պետք է առերեսվենք, այլ հարց է, թե այդ փաստերի վրա հիմնվելով մեր հետագա քայլերն ինչպես կկառուցենք:

Ես նախկինում արդեն առիթ ունեցել եմ խոսելու այդ մասին, որ ԼՂ հարցում մեր խոսույթը, մեր ռազմավարությունները մեկը մյուսին հակասել են, եւ սա նույնպես իր հետ բերել է որոշակի հետեւանքներ: Այն, որ մենք Անկախության հռչակագրում հղում ենք արել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման մասին ԳԽ եւ Ազգային խորհրդի համատեղ որոշմանը եւ դրանից մեկ տարի անց տեղի է ունեցել հանրաքվե ԼՂ անկախության հռչակման մասին: Հետագայում մենք բանակցել ենք այս տրամաբանությամբ, իսկ 2007 թվականին մենք մադրիդյան սկզբունքներով ընդունել ենք, որ ԼՂ կարգավիճակը պետք է ճշգրտվի  կողմերի միջեւ ճշգրտված ժամկետներում, ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, ինչով հերքել ենք 1991-ի դեկտեմբերի հանրաքվեն ԼՂ-ում, այս ամենը նաեւ դրա արտահայտությունն է»,-ասաց Վարչապետը:

Նրա խոսքով, ըստ էության, 2007-ին մենք ընդունել ենք, որ 1991-ի հանրաքվեն չի որոշել ոչ մի կարգավիճակ. «Հետեւաբար, որտե՞ղ է Լեռնային Ղարաբաղը մեր պետական քաղաքականության տրամաբանության մեջ: Մենք աշխարհից կտրված չենք, այդ համատեքստում ենք ապրում եւ դա պետք է հաշվի առնենք: Մեր քաղաքականությունն այսօր այնպիսին է եւ Լաչինի միջանցքի հետ կապված մեր դիրքորոշումը շարադրելիս ասել եմ, որ այսօր մեր խնդիրն է՝ աջակցենք, որ ԼՂ ժողովուրդը շարունակի ապրել ԼՂ-ում, շարունակի մնալ հայ, իրեն համարի արցախցի, հայ, հնարավորություն ունենա ապրել անվտանգ միջավայրում: Դեռեւս 2018-ից մեր դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չէ, որ պետք է որոշի ԼՂ ճակատագիրը եւ ԼՂ հարաբերությունները, այլ ԼՂ ժողովուրդը պետք է որոշի եւ հաղորդակցության մեջ լինի Ադրբեջանի իշխանությունների հետ: Այս համատեքստում պետք է հարցը որոշվի»,-ընդգծեց նա: