Չեմ կարծում, թե նման շատ հրապարակումներն արվում են բարի մտադրություններից ելնելով, կամ դրանք օգուտ են բերում։ Այս մասին հունվարի 10-ի մամուլի ասուլիսում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով միջազգային ԶԼՄ-ներում երկիր զենքի մատակարարումների վերաբերյալ հրապարակումների մասին հարցին։

«Չեմ կարծում, թե մենք հրապարակայնորեն պետք է քննարկենք մեր բանակը սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով համալրելու հարցը»,- նշել է Փաշինյանը։

Նա ընդունել է, որ անվտանգության ոլորտում գոյություն ունեն լուրջ խնդիրներ՝ հավաստիացնելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են դրանք լուծելու համար։ Դա, նրա խոսքով, ակնհայտ է դառնում, եթե նայելու լինենք Հայաստանի պետբյուջեին ե՛ւ 2022թ. բյուջեի կատարման, ե՛ւ 2023թ. պլանների մասով։ «Տարածաշրջանում խաղաղության համար շատ կարեւոր է մեր Զինված ուժերի մարտունակությունը։ Բայց միայն մարտունակ բանակի առկայությամբ անհնար է խաղաղության հասնել։ Միշտ կգտնվի բանակ, որն ավելի մարտունակ է»,- ընդգծել է վարչապետը։

Մեկնաբանելով Ադրբեջանի եւ Թուրքիայի զորավարժությունները՝ նա դրանք սպառնալիք է անվանել։ «Մենք պետք է ճիշտ հարաբերություններ կառուցենք այդ սպառնալիքների հետ, որովհետեւ այդ սպառնալիքը նաեւ սադրանք է»,- ասել է Փաշինյանը։