Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆին հերթական ուղերձն է հղել իր կողմնակիցներին:
Սիրիական Ալ-Ռաի հեռուստաալիքի եթերում գնդապետի ուղերձը կարդացել է հեռուստաալիքի սեփականատեր Միշան Ջաբուրին: Նախքան Քադաֆիի խոսքերը կարդալը Ջաբուրին հայտնել է, որ ալիքը հույս ուներ ստանալ տեսաուղերձը, սակայն տեսաերիզի հանձնումը հետաձգվել է անվտանգության նկատառումներով:
Իր ուղերձում Քադաֆին կոչ է արել երկրի բնակիչներին չհանձնվել Հյուսիսային Աֆրիկան գաղութացնողներին, իսկ ընդդիմադիրներին դավաճաններ է անվանել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ գնդապետի գտնվելու վայրն առայժմ անհայտ է, թեեւ նրա կողմնակիցները կարծում են, որ նա դեռ Լիբիայում է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քադաֆիի ընտանիքի անդամներից մի քանիսը փախել են հարեւան Նիգեր:




























