Պատիժը քրեաիրավական հասկացություն է եւ համոզված եղեք, որ եթե պատժի արժանի որեւէ գործողություն իրականացրել եմ, այդ պատիժն անխուսափելի է եւ վրա կհասնի որեւէ պահի, որովհետեւ Հայաստանում գործում է պատժի անխուսափելիության սկզբունքը: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատերազմում պարտության համար ինքն ինչ պատիժ է տեսնում իր համար:
«Ես կարծում եմ, որ մի X պահից այդ խոսույթը ուղղակի խանգարում է եւ թույլ չի տալիս հասկանալ այն, ինչ իրականում տեղի է ունեցել: Դա հնչում է հարթակներից, խորհրդարանում, սոցիալական ցանցերից: Այդտեղ խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկն ինձ կարող է ասել՝ դավաճան, նույնիսկ խնդիրն այն չէ, որ ինչ-որ մեկը կարող է հայհոյել: Խնդիրն այն է, որ այդ ամենն իրականում ծառայեցվում է չհասկանալու մեր պրոբլեմը»,-ասաց նա:
Հիշեցմանը, որ ինքն ասում էր՝ ՌԴ-ի հետ երբեք այսքան վստահելի հարաբերություններ չեն եղել, իսկ այսօր քննադատւթյան թիրախում է նաեւ Ռուսաստանը, Փաշինյանն արձագանքեց. «Ես հիմա էլ եմ ասում՝ մեր եւ Ռուսաստանի միջեւ ավելի վստահելի հարաբերություն չի եղել: Այն, ինչ այսօր ձեզ հետ խոսել եմ, այդ ամենը շատ ուղիղ, շատ բաց խոսվում է նաեւ իրենց հետ: Շատ վստահելի է, բայց դրանից իրողությունները չեն փոխվում:
ՌԴ-ի հետ անվտանգության ոլորտում փոխադարձ պարտավորությունների կատարման առումով պրոբլեմը գոյություն է ունեցել դեռ ինձնից առաջ: Այս պատմության ոչինչ նոր չի: Ասում եք՝ պատիժ, ամենամեծ պատիժն այն է, որ այդ բոլորը թափվել է իմ գլխին: Այն, ինչ տեղի է ունեցել 2020-ին, սոցիալհոգեբանական առումով 100 տոկոսով շատ երկար իրադարձությունների կուլմինացիա է:
Այո, 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը կարող էին զոհեր չլինեին, բայց դա չի նշանակում, որ 2021-ի հոկտեմբերի 6-ից փետրվարի 17-ը այդ նույն զոհերը կամ կրկնակի զոհեր չէին լինի: խոսքը սրա մասին է, որովհետեւ ամեն ինչը գին ունի: Մենք այդ գինը վճարել ենք, վճարում ենք եւ պիտի վճարենք: Մենք չգիտեի՞նք, որ էս պատմության վերջը էս է լինելու: մենք բոլորս պատրաստ էինք գնալ թուղթ ստորագրել, որ տարածքներից 5-ը վերադարձվում են, մյուս երկուսը ժմանակավորապես են վերադարձվում առանց ԼՂ կարգավիճակի հեռանկարի՞: Մենք բոլորս դրան պատրաստ էինք դրա՞ն: Հիմա հետահայաց կարող ենք ասել, որ այդպես ավելի լավ կլիներ: Իհարկե, կարող ենք ասել: Մենք գուցե «հայի հետին խելքի» զոհն ենք»:
Դիտարկմանը, որ դուք պետք է տիրապետեիք իրավիճակին, հասարակությունը պատրաստ չէինք, բա դո՞ւք, Փաշինյանն ասաց. «Ես էլ պատրաստ չէի, որովհետեւ ես հո օդից չեմ ընկել, բա ես էլ քաղաքական կենսագրություն ունեմ, ես էլ պատկերացում ու ընկալում ունեմ: Ավելին ասեմ, ես պատրաստ եմ եղել զիջման, բայց այդ զիջման սահմանը չեմ տեսել, թե մինչեւ ուր պետք է զիջեմ, որ ամեն ինչ ավարտվի: Որովհետեւ եթե զիջման չափը տեսանելի է, դու կարող ես դա լրջորեն քննարկել, բայց այն բովանդակությունը, որ եղել է, այսօր էլ խնդիրը դրա մեջ է: Խնդիրն այն է, որ պարզ չէ, թե որտեղ է զիջման կամ ճկունության սահմանը, որ ես գամ ասեմ՝ ժողովուրդ, էսքանը զիջվել է ու վերջ»:





























