Իրանի իշխանությունները հայտարարել են «Մոսադի» 13 աշխատակիցների կալանավորման մասին։ Ինչպես հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով Իրանի հետախուզության նախարարության հայտարարությանը, «Թեհրանում, Սպահանում, Յազդում, Արեւմտյան Ադրբեջանում եւ Գոլեստանում հայտնաբերվել են «23 օպերատիվ եւ օժանդակ տարրեր, 13 մարդ կալանավորվել է»։ Նրանցից առգրավվել են տարբեր օպերատիվ սարքավորումներ, ասվում է հաղորդագրության մեջ։
Վերջին կալանավորումներից հետո Իրանում նախորդ ամսվա ընթացքում «Մոսադի» կալանավորված խմբերի թիվը հասել է վեցի:
Եվրոպական երկրներից մեկում բնակվող ցանցի ղեկավարին սոցիալական մեդիա հարթակների միջոցով հաջողվել է նախնական կապ հաստատել երկրի ներսում գործող օպերատիվ տարրերի հետ:
Վերջին տվյալների համաձայն՝ «Մոսադն», օգտվելով Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններից, մտադրվել էր սպանել զինվորական պաշտոնյայի եւ մի քանի դիվերսիոն գործողություններ իրականացնել երկրի խոշոր քաղաքներում։ «Մոսադը» նախատեսում էր նաեւ մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր տեղափոխել երկիր հարավային ծովային սահմաններից։



























