Թեհրանի եւ Բաքվի միջեւ թյուրըմբռնումը լուծվել է։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ խոսելով Անթալիայում ասիական խորհրդարանների վեհաժողովի 13-րդ նստաշրջանի շրջանակում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման մասին, հաղորդում է Mehr-ը։

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպմանը՝ Ղալիբաֆը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են ապրանքների տեղափոխման եւ տարանցման, ինչպես նաեւ էներգետիկայի հետ կապված հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ արտաքին գործերի նախարարների, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եւ պետությունների ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումների անցկացումը։

Նշելով, որ վերջերս Իրանի եւ Ադրբեջանի միջեւ թյուրըմբռնումները լուծվել են, Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ ապագայում նախատեսում է այցելել Բաքու: