Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրված էր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությանը։ Նա միջոցառմանը հայտնվել է վիրտուալ կապով, գրել է Variety-ն։
Զելենսկին դիմել է հավաքվածներին գրի առնված ուղերձով՝ հիշեցնելով 1944թ. «Ոսկե գլոբուսի» մեկնարկի մասին. «Երկրորդ համաշխարհային պատերազմը դեռ չի ավարտվել, բայց իրավիճակը փոխվել է, բոլորը գիտեին, թե ով է հաղթելու։ Առջեւում դեռ ճակատամարտեր եւ արցունքներ կային, հենց այդ ժամանակ հայտնվեց «Ոսկե գլոբուս» մրցանակը՝ պատվելու համար 1943թ. լավագույն կատարողներին... Այժմ 2023 թվականն է, պատերազմն Ուկրաինայում դեռ չի ավարտվել, բայց իրավիճակը փոխվում է»,- ասել է նա։
Նախագահն ընդգծել է, որ արդեն հասկանալի է, թե ով է հաղթելու այս պատերազմում։ Նշվել է, որ լսարանը ծափահարել է, երբ Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի հաղթանակի իր կանխատեսման մասին։
«Առջեւում դեռ ճակատամարտեր եւ արցունքներ կան, բայց հիմա ես հաստատ կարող եմ ասել, թե ով է անցած տարվա լավագույնը, դա դուք եք։ Ազատ աշխարհի ազատ մարդիկ։ Նրանք, ովքեր միավորվել են ազատ ուկրաինացի ժողովրդին հանուն ազատության մեր ընդհանուր պայքարում աջակցելու համար... Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, սա եռագրություն չէ։ Ուկրաինան կկանգնեցնի ռուսական ագրեսիան մեր հողում»,- ընդգծել է պետության ղեկավարը։





























