ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ դեմոկրատներն ու հանրապետականները պետք է միավորվեն, որպեսզի պատասխանատվության ենթարկեն խոշոր տեխնոլոգիական ընկերություններին՝ օրենք ընդունելու միջոցով: Այդ մասին նա գրել է Wall Street Journal-ի համար հոդվածում:

Բայդենն ասել է, որ կցանկանար տեսնել «ամերիկացիների գաղտնիության դաշնային լուրջ պաշտպանություն», ներառյալ հավաքվող տվյալների քանակի սահմանափակումներ, ինչպիսիք են գտնվելու վայրը, կենսաչափական տվյալները եւ առողջության մասին տվյալները՝ ընդգծելով երեխաների համար հատուկ ռիսկը:

«Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք սոցիալական ցանցերին այն փորձարկումների համար, որ նրանք անում են մեր երեխաների վրա՝ հանուն շահույթ ստանալու»,- գրել է նա՝ վկայակոչելով հետապնդման, բռնության, տրավմաների եւ հոգեկան խանգարման ենթարկված երիտասարդների պայքարը:

Նա նաեւ կոչ է արել բարեփոխել Հաղորդակցությունների պարկեշտության մասին օրենքի 230-րդ բաժինը, որպեսզի տեխնոլոգիական ընկերությունները ստիպված լինեն «պատասխանատվություն ստանձնել իրենց տարածած բովանդակության եւ իրենց օգտագործած ալգորիթմների համար»: