Գործարարները, քաղաքական գործիչները եւ գիտնականները պատրաստվում են ճգնաժամերից հոգնատանջ մռայլ աշխարհի, քանի որ աճող վոլատիլությունը եւ սպառվող կայունությունը բարձրացնում են միաժամանակյա ցնցումների հավանականությունը։
Համաշխարհային տնտեսական ֆորումն իր ամենամյա հաշվետվությունում հայտնաբերել է, որ հարցվողների ավելի քան 80 տոկոսը սպասում է կամ «մշտական ճգնաժամերի», կամ «բազմաթիվ ցնցումների» հաջորդ երկու տարվա ընթացքում, ինչը լավագույն դեպքում կհանգեցնի «հեռացող հետագծերի» երկրների եւ տարածաշրջանների համար, իսկ վատագույն դեպքում՝ «աղետալի հետեւանքների»։
Գլոբալ փորձագետները կյանքի արժեքի ճգնաժամը համարում են ամենալուրջ կարճաժամկետ վտանգը, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների բարձր գները հարվածում են խոցելի տնային տնտեսություններին եւ բարձրացնում քաղաքացիական անկարգությունների եւ բողոքների հավանականությունը։
«Ոչ մի երկիր ապահովագրված չէ առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայության սոցիալական էրոզիայից»,- ասել է Marsh McLennan-ի Ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար Քարոլինա Քլինտը, որը համագործակցել է ՀՏՖ-ի հետ հաշվետվությունը պատրաստելիս։
Տարերային աղետները եւ արտակարգ բնական երեւույթները դիտարկվում են որպես մեծությամբ երկրորդ վտանգ, որոնց հաջորդում են տնտեսական պատերազմները, կլիմայի փոփոխության հետեւանքները մեղմել չկարողանալը եւ հասարակության բեւեռացումը։
Բնապահպանական խնդիրները գերակա են 10-ամյա ժամանակային հորիզոնում։ Հինգ հիմնական երկարաժամկետ վտանգներից են կլիմայի փոփոխության հետեւանքները մեղմել չկարողանալը, կլիմայի փոփոխություններին հարմարվելու անկարողությունը, տարերային աղետները եւ արտակարգ բնական երեւույթները, կենսաբազմազանության կորուստը եւ էկոհամակարգի քայքայումը, ինչպես նաեւ զանգվածային ճգնաժամերը փախստականների հետ կապված։
Հարցումը, որն իրականացվում է Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպումից առաջ, հիմնված է գիտական, բիզնեսի, կառավարության եւ քաղաքացիական հասարակության ոլորտների ավելի քան 1 200 փորձագետների պատասխանների վրա։
Քլինտը նշել է, որ ձեռնարկություններն սկսում են ավելի շատ միջոցներ ծախսել փոխկապակցված, խորացող վտանգներից պաշտպանվելու վրա, որոնք ապագայում կարող են թանկ արժենալ։ Բայց «պոլիկրիզի» դարաշրջանում կանխատեսում անելը հեշտ զբաղմունք չէ։





























