Մեծ Բրիտանիայի որոշումը Ուկրաինա տանկեր մատակարարելու վերաբերյալ գլխացավանք է դարձել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի համար, բայց եւ այնպես քիչ հավանական է, որ նա կհաղթահարի գերմանական զրահատեխնիկա ուղարկելու ցանկություն չունենալը, եթե ԱՄՆ-ը համապատասխան ազդանշան չտա, գրել է Politico-ն։

Շոլցի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա բրիտանական արտադրության Challenger 2 տանկեր ուղարկելու Լոնդոնի պլանները չեն փոխի Գերմանիայի կառավարության դիքորոշումը, որը մինչեւ հիմա մերժում էր Բեռլինին ուղղված աճող կոչերը՝ Կիեւին տալ Leopard 2 հզոր գերմանական տանկեր։

Վարշավան առաջարկել է Leopard 2-եր մատակարարել եվրոպական երկրների ավելի լայն դաշինքի միջոցով։ «Միջազգային կոալիցիայի ստեղծման շրջանակում Leopard 2 տանկերի վաշտ կուղարկվի Ուկրաինա։ Այս որոշումն արդեն [ընդունված է] Լեհաստանում»,- գրել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Թվիթերում։ Այդ մատակարարումներին խանգարում է այն, որ Բեռլինը պետք է հավանություն տա գերմանական արտադրանքի զենքի վերարտահանմանը։

Գերմանացի երկու պաշտոնյա, անունները չնշելով, հայտարարել են, որ Շոլցի դիրքորոշումը կախված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից, որի հետ կանցլերն արդեն սերտորեն համակարգել է իր գործողությունները, երբ անցած շաբաթ հայտարարվել էր Ուկրաինա գերմանական եւ ամերիկյան հետեւակի մարտական մեքենաների համատեղ մատակարարման մասին։

Երկուշաբթի, Բեռլինի տարածաշրջանային նախընտրական հանրահավաքում Շոլցն ընդգծել էր ԱՄՆ նախագահի հետ սպառազինությունների քննարկման կարեւորությունը՝ նշելով, որ տանկերի մատակարարումն Ուկրաինա պետք է քննարկվի «բարեկամների եւ դաշնակիցների եւ հատկապես մեր տրանսատլանտյան գործընկերոջ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»։

Այնուամենայնիվ, բրիտանական պլանները, որոնք, ինչպես սպասվում է, պաշտոնապես կհայտարարվեն հունվարի 20-ին Գերմանիայի Ռամշթայն ռազմակայանում պաշտպանության նախարարությունների արեւմտյան ներկայացուցիչների  հանդիպման ժամանակ, հավանաբար, կուժեղացնեն ճնշումը Շոլցի դեմ, քանի որ Մեծ Բրիտանիան կդառնա առաջին երկիրը, որն Ուկրաինա կմատակարարի արեւմտյան արտադրության ժամանակակից տանկեր։

Չորեքշաբթի Դաունինգ սթրիթում հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը բանակցություններ է վարում արեւմտյան դաշնակիցների հետ այն մասին, թե ինչպես Ուկրաինա ուղարկեն տանկեր, որոնք կփոխեն խաղի կանոնները։