Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները պատրաստում են պատժամիջոցների նոր փաթեթ՝ այս անգամ փորձելով սահմանափակել նավթամթերքների ռուսական արտահանման իրականացման գները, տեղեկացրել է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ պատժամիջոցները գնային շեմ կսահմանեն դիզելային վառելիքի եւ մազութի համար եւ ուժի մեջ կմտնեն փետրվարի 5-ին։
Պատժամիջոցների այս նոր փուլը հաջորդել է անցած ամիս ԱՄՆ, ԵՄ եւ «Մեծ յոթնյակի» մյուս երկրների ընդունած որոշմանը՝ ռուսական նավթի արտահանման գինը մեկ բարելը 60 դոլարի մակարդակին սահմանափակելու վերաբերյալ։
Ինչպես նշել է WSJ-ն, երկու տեսակի նավթամթերքների դեմ մտցվող պատժամիջոցները կարող են ավելի լուրջ տնտեսական հետեւանքներ ունենալ, եւ շուկայի դիտորդները սպասում են, որ Ռուսաստանի համար ավելի դժվար կլինի վերուղղորդել նավթամթերքների իր արտահանումը։




























