Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունենում 41-ամյա Էմիլ Մամեդովի դատավարությունը, որը մեղադրվում է լրտեսության եւ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ։ Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ի թղթակիցը՝ հղում կատարելով քննության նյութերին, 2017թ. սեպտեմբերին Մամեդովը, որն այդ պահին ապրում էր Ուկրաինայում, իբր այցելել է տեղի ՀՀ դեսպանություն։ Դիվանագիտական ներկայացուցչությունում նա առաջարկել է իր ծառայությունները որպես գործակալ։ Մամեդովին հանձնարարել են տեղեկություն հավաքել ադրբեջանական արտահանող գազամուղների, Սանգաչալայի տերմինալի, երկրի ղերավարության շրջաններ կատարած այցերի, Ադրբեջանի ռազմական պոտենցիալի, զենքի մատակարարումների մասին։
«Նորաթուխ լրտեսին սովորեցրել են հեռախոսային հաղորդակցման հատուկ տեխնիկային եւ նրան կցել հայկական հատուկ ծառայությունների օպերատիվ աշխատակցի, որն իրեն «Էդիկ» է անվանել։ Մամեդովն իր «գործունեությունը» վարել է մինչեւ 2021թ. սեպտեմբեր։ Նա հավաքել եւ հայկական կողմին է տրամադրել տեղեկություններ BP եւ Salyan Oil նավթային ընկերությունների, Titan-D ՍՊԸ-ի աշխատանքի մասին, որն ապահովում էր նշված ընկերությունների պահպանությունը, TANAP եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծերի, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններում աշխատանքի անցնելու մասին եւ այլ տեղեկություններ։ Մամեդովն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտարարել է, որ Հայաստանի դեսպանություն է դիմել անելանելիությունից՝ մեկանգամյա օգնության համար։ Նա նշել է, որ Ուկրաինայում աշխատանք չգտնելով՝ որոշել է հեռանալ, բայց տոմսի փող չի ունեցել. «Ես զայրացա եւ գնացի Հայաստանի դեսպանություն։ Պարզապես ուզում էի երրորդ երկրում հայտնվել։ Ուրիշ բան չեմ խնդրել»։ Մամեդովի խոսքով՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում նրան տվել են 500 գրիվնա։ Դատախազ Ջովդեթ Մեհրալիեւի հարցին, թե ինչու է վերցրել այդ փողը, Մամեդովը պատասխանել է՝ որ տոմս գնի»,- տեղեկացրել է ԶԼՄ-ն։
Ինչպես դատավարությունը, այնպես էլ մեղադրանքն ընդհանուր առմամբ ցույց են տալիս Ադրբեջանի բնակիչների ծանր նյութական եւ բարոյահոգեբանական վիճակը, որոնք ստիպված են կամովին դավաճանել հայրենիքին հանուն տոմսի փողի։ Հետաքրքիր է նաեւ, որ մեղադրյալը մի քանի տարի զբաղվել է լրտեսությամբ՝ մինչ ադրբեջանական հատուկ ծառայությունների տեսադաշտում հայտնվելը։




























