Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` սեպտեմբերի 13-ի նիստում ձեռնպահ մնաց «ԱրմենՏել» ընկերության դեմ տուգանքի կիրառումից` բավարարվելով նախազգուշացումով: Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերության դեմ վարույթ հարուցվելէ «Յուքոմ» ընկերության դիմում-բողոքի հիման վրա:
«Յուքոմը» դժգոհում է, որ «ԱրմենՏելն» իր բջջային ցանցից դեպի «Յուքոմ» ընկերության ֆիքսված ցանց կատարվող զանգերի համար սահմանել է բարձր` 1րոպե/99 դրամ սակագին: Ըստ «Յուքոմի»` դա խոչընդոտում է մրցակցությանը:
«ԱրմենՏելի» իրավաբան Դավիթ Սանդուխչյանը Հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ «ԱրմենՏելը» բջջային կապի շուկայում գերիշխող դիրք չունի (զբաղեցնում է շուկայի 25 տոկոսը), հետեւաբար խոսք չի կարող գնալ գերիշխող դիրքի չարաշահման մասին: Բացի այդ` շուկայում ընդունված է, որ բջջային կապի օպերատորները դեպի այլ ցանցեր զանգերի համար սահմանում են ավելի բարձր սակագին:
Դ. Սանդուխչյանը նշեց նաեւ, որ իրենց բաժանորդներից որեւէ դիմում-բողոք այս հարցի առնչությամբ չեն ստացել: Նշենք, որ բջջային կապի շուկայում, ըստ Հանձնաժողովի ներկայացրած տեղեկատվության, գերիշխող դիրք ունի «Վիվա Սել ՄՏՍ»-ը` մոտ 63 տոկոս, իսկ «Օրանժի» մասնաբաժինը 12 տոկոս է:Այնուամենայնիվ` հաշվի առնելով վարույթի առկայությունը եւ հաճախորդների շահերը` «ԱրմենՏելը» որոշել է հավասարեցնել բոլոր սակագները: Այսուհետ դեպի «Յուքոմ» եւ ցանկացած այլ ցանց «ԱրմենՏելի» բջջայինից կատարվող զանգի սակագինը հավասարեցվում է դեպի «ԱրմենՏելի» ֆիքսված ցանցին կատարվող զանգի սակագնին: Կախված սակագնային պլաններից` այն կարող է կազմել 29.99 դրամ, 39 դրամ կամ 59 դրամ:
«Յուքոմ» ընկերության իրավաբան Գեւորգ Աթոյանը գոհունակություն արտահայտեց «ԱրմենՏելի» այդ որոշումից, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնեց ՏՄՊՊՀ-ից:




























