«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, լրագրող, նախկին քաղբանտարկյալ Սեյմուր Հազիին թույլ չեն տվել մտնել Վրաստան։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քննադատը «Սարփի» անցակետով չի կարողացել հատել թուրք-վրացական սահմանը։

Սեյմուր Հազին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է, որ անցած տարեվերջին բուժվել է Թբիլիսիում, որից հետո մեկնել է Թուրքիա՝ քաղաքական հանդիպումների։ Նա չի կարողացել վերադառնալ Վրաստան՝ նրան առանց որեւէ բացատրության արգելել են մուտք գործել երկիր։ Նա ենթադրում է, որ դա Բաքվի եւ Թբիլիսիի համաձայնեցված գործողություն է, քանի որ Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները շատ սերտ հարաբերություններ են պահպանում։

Սոցցանցում նա գրում է նաեւ, որ «երկիրը, որը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ, չպետք է իրեն այդպես պահի»։

Լրագրող Աֆղան Մուխթարլին մեկնաբանել է միջադեպը, հայտնում է SOVA-ն։ Նրա խոսքով՝ Ալիեւի ռեժիմը համագործակցում է Իվանիշվիլիի կառավարության հետ, եւ Վրաստան մուտքի մերժումը հենց այդ համագործակցության արդյունքն է։

«Իվանիշվիլիի կառավարությունը մշտապես անօրինական գործողություններ է իրականացնում ադրբեջանցի քաղաքական գործիչների, լրագրողների եւ ակտիվիստների նկատմամբ։ Իվանիշվիլիի պահանջով Թբիլիսիում բնակվող լրագրողներին վտարել են Վրաստանից։ Դրա համար Իվանիշվիլին Ալիեւից միլիոններ է ստանում»,- հայտարարել է Մուխթարլին։

Վրաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։ Ավելի վաղ ռուս ընդդիմադիրներին եւ լրագրողներին էին արգելել մուտք գործել երկիր։