Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը տեղավորվում է Հայաստանի իշխանությունների՝ Թուրքիային ենթարկվելու տրամաբանության եւ թյուրքական աշխարհի տրամաբանության մեջ, ինչը կարող է հանգեցնել նրանց միջանցք տրամադրելու համաձայնության եւ այլն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա չբացառեց, որ ՀՀ իշխանությունը կարող է նույնիսկ հետագայում թուրքերենը կամ ադրբեջաներենը ճանաչել որպես երկրորդ, գուցե նաեւ առաջին պաշտոնական լեզու։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի թուլացմամբ, որի դրսեւորումն էր 2020 թվականին Հայաստանի՝ որպես Մոսկվայի դաշնակից պարտությունը, տարածաշրջան մտավ Թուրքիան։
«Հաջորդ փուլում մենք կտեսնենք թուրք-իրանական դիմակայություն, հնարավոր է՝ նույնիսկ պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում։
Իսկ ի՞նչ քաղաքականություն պետք է վարեն Հայաստանի գործող իշխանությունները։ Նրանք պետք է դիմակայեն կամ դաշնակիցներ ձեռք բերեն կամ հանձնվեն։ Նրանք հանձնվում են Թուրքիային եւ ընդգրկվում թուրքական ծրագրում, որը նաեւ արեւմտյան ծրագիր է, որի նպատակն է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը, եւ մենք դրան խանգարում ենք։ Ծրագիրն ուղղված է նաեւ Իրանի դեմ։
Ալիեւը Հայաստանին կոչ է արել «ոչ մեկի վրա հույս չդնել», քանի որ բոլոր հարցերը, իբր, ինքն է որոշում։ Ալիեւն ակնարկել է Ռուսաստանի եւ Իրանի մասին։ Ուստի Բաքուն շտապում է եւ պետք է փորձի լուծել ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի հարցերը, քանի որ շուտով արդիականանում է խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարաձգման հարցը»,-նշեց քաղաքագետը։
Նա կարծում է, որ Թուրքիան ու Ադրբեջանն արդեն Սյունիքում կլինեին, եթե չլինեին Իրանի զորավարժությունները։ «Եթե չլիներ Թեհրանը, ապա Սյունիքի հարցը վաղուց կլուծվեր։ Միջանցքը սպառնում Է Իրանին»,-նշեց փորձագետը։




























