Նարա քաղաքի օկրուգային դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին սպանողին՝ Տեցույա Յամագամիին, տեղեկացրել է «Իոմիուրի» թերթը։

Տեցույա Յամագամին Սինձո Աբեին սպանել էր անցած տարվա հուլիսի 8-ին, հանրահավաքում նրա նախընտրական ելույթի ժամանակ։ Մինչեւ հունվարի 10-ը Յամագամին ցուցմունքներ էր տալիս՝ նրա մեղսունակության աստիճանը պարզելու համար։

Նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացու վիրավորվել էր հուլիսի 8-ին, Նարա քաղաքում նախընտրական ելույթի ժամանակ։ Նրան սպանողը՝ 42-ամյա Տեցույա Յամագամին, երկու անգամ թիկունքից կրակել էր Աբեին ինքնաշեն զենքից։ Երկրորդ կրակոցի ժամանակ քաղաքական գործիչը վիրավորումներ էր ստացել կրծքի եւ պարանոցի շրջանում, որոնք էլ մահացու են եղել։ Սինձո Աբեն մահացել է արյան կորստից։ Յամագամին որպես հանցագործության դրդապատճառ նշել է իբր Աբեի կապը «Միավորման եկեղեցու» հետ։ Յամագամիի մայրը այդ կազմակերպությանն էր տրամադրել 100 մլն իեն (մոտ 740 հազար դոլար)՝ որպես նվիրատվություն, ինչը հանգեցրել է ընտնաիքի սնանկացման եւ քայքայման՝ երեխաներին զրկելով գոյության միջոցներից։

Հուղարկավորությունը եւ դիակիզումը տեղի են ունեցել հուլիսի 12-ին, իսկ սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Աբեի պաշտոնական թաղումը։

Աբեի մասնակցությունը «Միավորման եկեղեցուն» այսօրվա դրությամբ ապացուցված չէ, բայց նրա սպանությունը դարձել է այդ կազմակերպության հետ քաղաքական գործիչների կապերի հետաքննությունների առիթ։ Արդյունքում՝ պարզվել է, որ խորհրդարանի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության 379 պատգամավորից 179-ը, այդ թվում եւ նախարարներ, կապված են եղել «Միավորման եկեղեցու» հետ։