Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ազդարարել է իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի այցի մասին, գրում է Al-Monitor-ը։
Չավուշօղլուն ասել է, որ հաջորդ երեքշաբթի կհանդիպի Աբդոլլահիանի հետ, եւ նաեւ հայտնել է, որ «Իրանի նախագահը նույնպես կարող է այցելել Թուրքիա առաջիկա օրերին»։
Աբդոլլահիանի ծրագրված այցը տեղի է ունենում Սիրիայի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում հրավիրելու Ռուսաստանի ջանքերի ֆոնին:
Չավուշօղլուն ասել է, որ Դամասկոսը, Մոսկվան եւ Անկարան դեռ չեն որոշել օրը, սակայն նման հանդիպում հնարավոր է արդեն փետրվարի սկզբին։
Թուրքիայի պաշտպանության եւ հետախուզության ղեկավարները անցյալ ամիս Մոսկվայում հանդիպել են իրենց սիրիացի եւ ռուս գործընկերների հետ՝ Անկարայի եւ Դամասկոսի միջեւ վերջին 10 տարում առաջին բարձր մակարդակի շփման ընթացքում:
Ակնկալվում է, որ Աբդոլլահիանի այցի ընթացքում բացի Անկարայի ու Դամասկոսի մերձեցումից, կքննարկվեն տարածաշրջանային մի շարք այլ հարցեր։ Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունները, հավանաբար, կլինեն օրակարգի գլխավոր կետը:



























