Իրադարձությունները, այդ թվում՝ Ռուսաստանի շուրջ եւ Ռուսաստանի ներսում, առաջիկա տարիներին կարող են ոչ միանշանակ եւ տարբեր կերպ զարգանալ։ Մենք չգիտենք, թե ինչ վիճակում կլինի Ռուսաստանը մինչեւ 2025 թվականը։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոնը» հաղորդմանը, ասաց Հարավային Կովկասի հարցերով ռուս փորձագետ Անդրեյ Արեշեւը։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման կամ չերկարաձգման հարցը, նրա գնահատմամբ, կորոշվի վերջին պահին, ճիշտ այնպես, ինչպես որոշվել է դրանց մտցնելու հարցը։

Արեշեւը վստահեցրեց, որ լուրջ ջանքեր են պահանջվել, որպեսզի համոզեն Ադրբեջանի ղեկավարությանը համաձայնել։

«Մենք հիշում ենք, որ Թուրքիան նույնպես ցանկանում էր որպես խաղաղապահ լիարժեք ներկա գտնվել Ղարաբաղում, սակայն Ռուսաստանին հաջողվեց Ղարաբաղում ամրապնդվելու Էրդողանի ձգտումը վերածել նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմաններից դուրս գտնվող պաշտոնական մոնիտորինգի կենտրոնի։

Ինչպե՞ս կլուծվի այս հարցը 2025 թվականին՝ հաշվի առնելով Ռուսաստանի լրջորեն մեծացած կախվածությունը Թուրքիայից։ Լրջորեն աճել է Ադրբեջանի գլխավոր դաշնակից, գործընկեր եւ հովանավոր Թուրքիայից առեւտրատնտեսական, լոգիստիկ եւ այլ կախվածությունը։ Կարծում եմ, որ սա 2025 թվականին, անկասկած, հաշվի կառնվի  Բայց այս պահին ես այլընտրանք չեմ տեսնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը»,- հավելեց քաղաքագետը։