Մենք անհամբեր սպասում ենք Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եւ մենք պատրաստվում ենք շարունակել գործընթացը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդան Փաթելը։
«Ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահի խրտվիլակը կախվել է Շվեդիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի առջեւ։ Նույնիսկ Շվեդիայի վարչապետն ասաց, որ դա չափազանց լուրջ է եւ ՆԱՏՕ-ին իրենց դիմումի սաբոտաժ է: Երեկ նույն ամբիոնից մեր գործընկեր Նեդ Փրայսը հայտարարեց, որ Շվեդիան պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Բայց չե՞ք կարծում, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ Շվեդիան դեռ որոշակի ճանապարհ ունի անցնելու, երբ խոսքը վերաբերում է իր տարածքում ահաբեկչությունն արմատախիլ անելուն»,-ասել է Փաթելը։
Նա նշել է, որ Թուրքիան բախվում է «անվտանգության շատ բարդ միջավայրի»։
«Եվ ինչպես մենք արդեն ասել ենք ավելի վաղ, Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներից մեկն է, որը բախվում է ամենամեծ թվով ահաբեկչական հարձակումների։ Ինչ վերաբերում է այս կոնկրետ միջադեպին, ապա ես ծանոթ չեմ դրան, ուստի թույլ կտամ ինձ նկատել, որ այն խորը տագնապ է առաջացնում։ Բայց ես կցանկանայի կրկնել Փրայսի խոսքերն այն մասին, որ մենք, իհարկե, անհամբերությամբ սպասում ենք Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին եւ պատրաստվում ենք շարունակել գործընթացը»,-հավելել է նա։





























