Առնվազն 20 000 մարդ շաբաթ օրը Թել Ավիվի կենտրոնում բողոքի ցույց է անցկացրել վարչապետ Բենիամին Նեթանյահուի նոր կոշտ աջ կառավարության դեմ, որը քննադատների կարծիքով՝ սպառնում է իսրայելական ժողովրդավարությանը, հաղորդում է AFP-ն:
Ցուցարարները անձրեւի տակ հավաքվել են հանրահավաքի՝ ծածանելով «ամոթի կառավարությանը» դատապարտող եւ «բռնապետին տապալելու» կոչերով ցուցանակներ։
Իսրայելի ոստիկանության գնահատմամբ՝ հանրահավաքին մասնակցել է 20 000 մարդ, հաղորդել է պետական ռադիոն: Միաժամանակ կազմակերպիչները հայտնել են, որ «մի քանի տասնյակ հազար» ցուցարարներ են եղել։
Այդ ցույցը ամենամեծն է դարձել Իսրայելում՝ ինը միլիոնից քիչ ավելի բնակչություն ունեցող երկրում դեկտեմբերի վերջին Նեթանյահուի նոր կառավարության իշխանության գալուց հետո:
Մյուս հանրահավաքներն անցկացվել են Երուսաղեմում վարչապետի նստավայրի մոտ եւ հյուսիսային Հայֆա քաղաքում, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Նեթանյահուն, որն արդեն Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետն է, վերադարձել է իշխանության՝ գլխավորելով ծայրահեղ աջ եւ ծայրահեղ ուղղափառ հրեական կուսակցությունների կոալիցիան, որոնց ներկայացուցիչներից ոմանք այժմ գլխավորում են առանցքային նախարարությունները:
Ցուցարարները կոչ են արել Նեթանյահուին, որը դատարանում պայքարում է կոռուպցիայի հետ կապված մեղադրանքների դեմ, հեռանալ պաշտոնից։
Ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել իսրայելցիներին միանալ կոռուպցիայի դեմ պայքարող խմբի ցույցին՝ «ժողովրդավարությունը փրկելու» համար, եւ բողոքել դատական համակարգի պլանավորված վերակազմավորման դեմ։
Արդարադատության նախարար Յարիվ Լեւինը հունվարի 4-ին հայտարարել է դատավորներ նշանակելու եւ գերագույն դատարանի որոշումները բեկանելու համար օրենսդիրներին ավելի շատ լիազորություններ տալու հակասական ծրագրի մասին:
Նոր կառավարությունը նաեւ հայտարարել է օկուպացված Արեւմտյան ափին բնակավայրերի ընդլայնման եւ սոցիալական բարեփոխումներ իրականացնելու իր մտադրության մասին, ինչը անհանգստացրել է ԼԳԲՏ համայնքի անդամներին եւ կողմնակիցներին։
Հանրահավաքում հնչել են պաղեստինյան տարածքների իսրայելական օկուպացիայի դեմ ուղղված կոչեր եւ ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության կոչեր։



























