Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիները, հայտնում է իրանական Mehr- լրատվական գործակալությունը։

Հանդիպմանը Ամիր Աբդոլլահիանը Բաշար ալ-Ասադին է փոխանցել Իրանի նախագահի ողջույնները եւ շեշտել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Սիրիայի անվտանգությունն ու առաջընթացը համարում է իր նվաճած անվտանգությունն ու առաջընթացը եւ շարունակելու է վճռականորեն աջակցել Սիրիային։

Անդրադառնալով երկու երկրների պաշտոնյաների, հատկապես արտաքին գործերի նախարարության մակարդակով դրական եւ սերտ խորհրդակցություններին ու համագործակցությանը, Իրանի նախարարն իր այցն անվանել է երկու երկրների միջեւ փոխադարձ հարցերի շուրջ խորհրդակցությունների եւ մտքերի փոխանակման շարունակություն։

Նա երկկողմ հարաբերությունները որակել է աճող եւ ընդգծել այդ հարաբերությունների հետագա ամրապնդման անհրաժեշտությունը հետաքրքրության բոլոր ոլորտներում։

Ամիր Աբդոլլահիանը, մատնանշելով նախագահ Ասադի՝ Իրան այցելելու հրավերը, համոզմունք է հայտնել, որ այս այցը հիմք կդառնա երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների ամրապնդման համար։

Նա հայտարարել է՝ երկու երկրների միջեւ համագործակցության համապարփակ երկարաժամկետ ծրագիր մշակելու եւ ստորագրելու համար Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին, ինչպես նաեւ ընդգծել Սիրիայի վերականգնմանը օգնելու եւ մասնակցելու համար երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հիմքեր դնելու անհրաժեշտությունը։

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իր հերթին ընդգծել է Իրանի արտգործնախարարի այցի կարեւորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։

Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Սիրիային ամենամոտ երկիրն է, որն աջակցել է սիրիացիներին պատերազմի ընթացքում։

Ընդգծելով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի Սիրիա կատարելիք այցի կարեւորությունը՝ Սիրիայի նախագահը ընդգծել է Դամասկոսի պատրաստակամությունն ու լուրջ ցանկությունը՝ համատեղ ջանքեր գործադրելու եւ ուղեւորության առավելագույն հաջողության հիմքը դնելու համար։