Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադն իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանել է Սիրիայի եւ Թուրքիայի ղեկավարությունների հնարավոր հանդիպման մասին հարցին։
«Ես հաստատում եմ, որ Սիրիայի եւ Թուրքիայի հարաբերությունները մինչեւ 2011 թվականը նորմալ են եղել՝ հիմնված բարիդրացիական քաղաքականության եւ երկու երկրների ընդհանուր շահերի վրա, եւ մենք, այդ օրվանից մինչ օրս անում ենք հնարավորը՝ վերջ դնելու ահաբեկչությանը, որը խաթարել եւ դադարեցրել է այս հարաբերությունների խաղաղությունը եւ հանգեցրել է ենթակառուցվածքների, բժշկական եւ կրթական հաստատությունների ոչնչացմանը Սիրիայում: Ուստի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը Թուրքիայի ղեկավարության հետ կախված է այս իրավիճակին հանգեցրած պատճառների վերացումից եւ այն տարաձայնություններից, որոնք փոխարինել են այն կոնսենսուսին, որի վրա նախկինում կառուցված էին սիրիա-թուրքական հարաբերությունները։ Այս համատեքստում Մոսկվայում կայացել է Սիրիայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը»,- ասել է Միքդադը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է հարմար միջավայր ստեղծվի ավելի բարձր մակարդակի հանդիպումների համար, եւ որ ցանկացած քաղաքական հանդիպում պետք է հիմնված լինի հստակ հիմքերի վրա, որոնք հարգում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ զինված ուժերի ներկայությունը որպես իրական երաշխավորի։
Սիրիայի արտաքին գործերի նախարարը նաեւ երախտագիտություն է հայտնել Իրանին՝ Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։





























