Օրերս «Հայասա» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իրականացրել է «Միասին դեպի Արագած» խորագրով արշավը, որին մասնակցել են Հայաստանում բնակվող տարբեր ազգության ներկայացուցիչներ:

«Հայասա»-ի հիմնական նպատակն էր` համախմբել ՀՀ ազգային փոքրամասնությունների երիտասարդներին եւ միահամուռ ուժերով հաղթահարել խոչընդոտներն ու բարդությունները: Արշավն ընթացել է «Հայասա» կազմակերպության անդամ ազգությունների դրոշների ուղեկցությամբ, որի  ընթացքում խումբը բարձրացել է Արագած լեռան հարավային գագաթ, ինչպես նաեւ այցելել Ամբերդ ամրոց:«Բարդությունների կամ խոչընդոտների ժամանակ մարդիկ իրար ավելի լավ են սկսում ճանաչել: Այս արշավը կարծես ամբողջացրեց Հայաստանում բնակվող տարբեր ազգությունների ընկերությունը, ինչպես նաեւ ամրացրեց կապերը:

«Հայասա»-ն եւս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է տարբեր ազգություններին հավաքել միեւնույն նպատակի շուրջ եւ այն իրականացնել առանց որեւէ ազգամիջյան կոնֆլիկտի»,-իր կարծիքն է հայտնել «Հայասա» կազմակերպության հիմնադիր  նախագահ Սուրեն Մկրտչյանը:

Նշենք նաեւ, որ «Հայասա» կազմակերպության նպատակն է   Հայաստանի ազգային փոքրամասնությունների միավորումը, ինչպես նաեւ միջազգային մակարդակով նրանց զարգացումն ու ինտեգրումը: