Քրդական ԶԼՄ-ները, վկայակոչելով Իրաքի ներքին գործերի նախարարին, կիրակի օրը հայտնել են, որ 6000 ոստիկաններ են տեղակայվել Իրանի եւ Թուրքիայի հետ Քրդստանի ընդհանուր սահմաններին։

Որոշումներ են ընդունվել Իրանի եւ Թուրքիայի հետ Իրաքի սահմանները վերահսկելու վերաբերյալ եւ բյուջեին միջոցներ են հատկացվել անցակետերի կառուցման, տեսախցիկների տեղադրման եւ դիտաշտարակների կառուցման համար, ասել է Իրաքի ներքին գործերի նախարար Աբդուլ Ամիր ալ-Շամմարին, հաղորդում է Kurdistan 24-ը։

Նշելով, որ այդ կապակցությամբ թուրքական կողմի հետ համակարգումներ են անցկացվել, Իրաքի ներքին գործերի նախարարն ասել է, որ թուրքական իշխանությունները 17 տեղ են գտել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով բազաներ ստեղծելու համար։

«Սինջարում Թուրքիայի հետ սահմանին 65 կիլոմետր երկարությամբ բետոնե պատ է կառուցվել»,- հավելել է իրաքցի նախարարը։

«Իրաքի սահմանը մեր կարմիր գիծն է, մենք չենք անտեսում այն եւ ձգտում ենք կանխել ներթափանցումն ու մաքսանենգությունը՝ համագործակցելով բոլոր հարեւան երկրների հետ»,- ընդգծել է նա։

Դեկտեմբերին իրաքցի զինվորականների ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Ռասուլն ասել էր, որ իր երկիրը առաջ է տանելու Իրանի եւ Թուրքիայի հետ սահմաններին իրաքցի սահմանապահների տեղակայման ծրագիրը:

Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանին նաեւ հրամայել է նյութատեխնիկական աջակցություն տրամադրել սահմանային անցակետերը պաշտպանելու համար, հավելել է նա։

Իրաքյան կողմի պլանների թվում է զրոյական գծի հսկողությունը եւ սահմանային անցակետերի վերահսկողությունը։

Իրանի Իսլամական Հանրապետության եւ Իրաքի սահմանապահ զորքերի հրամանատարների միջեւ նոյեմբերի 29-ին կայացած հանդիպման շրջանակում երկու կողմերի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր սահմանային հսկողության վերաբերյալ։

Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին ընդգծել է Իրանի համար հարեւան երկրների սահմանապահների հետ փոխգործակցության կարեւորությունը։

Փոխըմբռնման հուշագիրը ներառում է սահմանային հարցեր, ինչպիսիք են սահմանային տերմինալները, Արբաինի ուխտավորների փոխանցումը, ընդհանուր սահմանների կայուն անվտանգությունը, տեղեկատվության փոխանակումը եւ սահմանների համատեղ պարեկությունը, հաղորդում է Mehr-ը։